Նավթի գինն աճում է դեպի Եվրոպա գազի առաքման հնարավոր խափանումների պատճառով

Նավթի գինն աճում է դեպի Եվրոպա գազի առաքման հնարավոր խափանումների պատճառով

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճում են դեպի Եվրոպա գազի առաքումների հնարավոր խափանումների մտավախությունների պատճառով, դրան նպաստում է նաև Statoil կառամատույցի փակումը Հյուսիսային ծովում: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մոսկվայի ժամանակով 6:55-ի տվյալներով Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 1,32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 60, 84 դոլարի: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 1,45 տոկոսով՝ հասնելով 48,87 դոլարի մեկ բարելի համար:

Նորվեգական նավթագազային Statoil ASA խումբը հայտնել է Հյուսիսային ծովում իր Statfjord C կառամատույցի փակման մասին: Ինչպես հայտնում է տեղի Stavanger Aftenblad թերթը, ընկերության ներկայացուցիչները ճագ են հայտնաբերել ծովային հիմքի ջահի աշտարակում:

«Սև ոսկու» գների աճին են նպաստում նաև ներդրողների մտավախությունները դեպի Եվրոպա ռուսական գազի առաքումների հնարավոր խափանումների վերաբերյալ: Փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը գազ չի առաքի Ուկրաինա առանց կանխավճարի, որ 3-4 օրվա գազ է մնացել և այդ իրավիճակը սպառնում է դեպի Եվրոպա տարանցմանը: Նա նաև հույս հայտնեց, որ գործը ծայրահեղ միջոցների չի հասնի:

Ավելի ուշ, Մոսկվայի ժամանակով 21:00-ին ամերիկյան նավթագազային Baker Hughes ընկերությունը տվյալներ կհայտնի ԱՄՆ-ում հորատման սարքերի ընդհանուր քանակի մասին: Անցած շաբաթվա վերջում դրանց քանակը նվազել էր 3,5 տոկոսով՝ հասնելով 1,310 հազարի: Հորատման սարքերի քանակը կրճատվել է 26 տոկոսով կամ 461 միավորով: Ինչպես նշել է «Ռոյթերսը», ընթացիկ շաբաթվա վերջում հորատման սարքերի քանակը, հավանաբար, կրկին կկրճատվի:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---