ԶԼՄ-ներ. Ռուսական գազը Թուրքիայի համար կզեղչվի 10,25%

ԶԼՄ-ներ. Ռուսական գազը Թուրքիայի համար կզեղչվի 10,25%

PanARMENIAN.Net - Թուրքիան գործարք է կնքել «Գազպրոմի» հետ, որը համաձայնվել է Անկարայի համար գազի գինը նվազեցնել 10,25 տոկոսով, ասել է փետրվարի 27-ին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ «Գազպրոմը» դեռևս չի մեկնաբանում այս լուրը: Ինչպես ասվում է հոդվածում, Մոսկվան 2014-ի դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» գազամուղի կառուցումից, որը պետք է անցներ Սև ծովի հատակով, շրջանցելով Ուկրաինան: Այժմ Մոսկվան, մեղադրելով ԵՄ-ին «ոչ կառուցողական» դիրքորոշման համար, մտադիր է երթուղին տանել Թուրքիայով, արդեն իսկ արտոնյալ գներ խոստանալով ռուսական գազի համար:

Անցյալ տարի Ռուսաստանը խոստացավ 2015-ի հունվարի 1-ից նվազեցնել գազի գինն Անկարայի համար 6 տոկոսով և ավելացնել գազի առաքումը Թուրքիա 3 մլրդ խմ-ով: Այն ժամանակ Մոսկվան հավաստիացրեց Անկարային, որ առաջիկայում կրկին կնվազեցնի գինը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրեցին, որ Ռուսաստանը կարող է մասնակիորեն վերադառնալ South Stream գազամուղի հայեցակարգին, որը սկանդալով փակվեց 2014-ի դեկտեմբերին: Պուտինի հայտարարությունները Հունգարիա այցի ժամանակ ցույց տվեցին, որ «Թուրքական հոսք» նոր նախագծի շրջանակում «Գազպրոմը» հնարավոր է համարում գազամուղների շինարարությունը հարավարևելյան Եվրոպայում South Stream-ի մոտավոր երթուղով, թեև մինչ օրս ՌԴ-ն պնդում էր, որ ենթակառուցվածքները ստեղծվեն ԵՄ ուժերով: Այժմ դիրքորոշումը փոխվել է և Մոսկվան արդեն քննարկում է Բուդապեշտի մասնակցությունը նախագծին՝ թույլ տալով Հունգարիային չվճարել 3 մլրդ եվրո չստացած գազի համար, գրել է «Կոմերսանտ» թերթը:

Ինչպես նշել է պարբերականը, «Թուրքական հոսքը խառնվեց Հարավայինին»: Նախագահ Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Թուրքիայի տարածքով այլընտրանքային գազամուղի կառուցման դեպքում, ըստ էության, հնարավոր կլինի նախկին «Հարավային հոսքի» մի մասն իրականացնել Թուրքիայի տարածքով: «Կարող ենք օգտագործել մեր պայմանավորվածությունները Սերբիայի հետ, Հունգարիայի, մյուս գործընկերների»,-ասաց նա:

Ըստ ՌԴ նախագահի, այդ ամենը հնարավոր է, «եթե եվրոպացի գործընկերները գործակցության ցանկություն ունենան, եթե չխանգարեն»:

Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Bloomberg-ին, որ համաձայնության պայմաններից մեկը եղել է ռուսական գազն Ուկրաինային չվերավաճառելու Հունգարիայի պարտավորությունը: Դա չի նշանակում, որ ռեվերսային առաքումները կկասեցվեն, քանի որ գազը կարող է գնվել Սլովակիայում, սակայն դա թանկացնում է առաքումներն ու սահմանափակում ծավալը: Փետրվարի 24-ի դրությամբ ռեվերսային առաքումները Հունգարիայից Ուկրաինա շարունակվում էին օրը 5 մլն խմ ծավալով:

«ԵՄ տարածքում «Թուրքական հոսքի» հեռանկարները դեռ զուտ խոսակցություններ են, ամեն դեպքում Հունգարիան ինքնուրույն ռեսուրս չունի ԵՄ-ում, որը հարկավոր է նախագիծն առաջ տանելու համար»,-գտնում է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդր Լուկյանովը:

Ըստ նրա, Ռուսաստանի համար կարևոր էր ցույց տալ, որ ԵՄ-ն միասնական չէ, և այնտեղ կան երկրներ, որոնք ուկրաինական հակամարտության համատեքստում այլ դիրքորոշում ունեն Մոսկվայի հարցում, քան Արևմուտքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---