Վրաստանի ԱԳՆ-ն հաստատում է. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատում է. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին:

«Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,-հայտարարել է Բերուչաշվիլին լրագրողներն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարեց, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցի շուրջ բանակցություններ չեն գնում:

Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երևան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման հարցը, միայն եթե դա «կնպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը»:

Ըստ Աբաշիձեի, երկաթուղու վերագործարկման շուրջ առարկայական քննարկում երբեք չի եղել: «Այնպես որ դժվար է մեկնաբանել այդ հարցը: Ըստ իս, դա վրաց-ռուսական երկաթուղի է, և եթե խոսք է գնում այն վերագործարկելու մասին, նախ պետք է քննարկել բոլոր քաղաքական հարցերը, քանի որ դա ոչ միայն հաղորդակցությունների վերականգնման հարց է: Առաջին հերթին պետք է լուծել քաղաքական հարցերը»,-հայտարարել է Աբաշիձեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---