Ադամ Շիֆ. Ադրբեջանն միչ օրս փորձում է սքողել Սումգայիթում հայերի դեմ գործած վայրագությունները

Ադամ Շիֆ. Ադրբեջանն միչ օրս փորձում է սքողել Սումգայիթում հայերի դեմ գործած վայրագությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթում հայերի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ:

Շիֆը մասնավորապես ասել է, որ ադրբեջանական իշխանություններն ավանդաբար առանձնակի ջանքեր չգործադրեցին մեղավորներին պատժելու համար, փոխարենը նրանք մինչ օրս փորձում են սքողել Սումգայիթում գործած վայրագությունները, ինչպես նաև ժխտում են բարձրաստիճան պաշտոնյաների դերը բռնություններ հրահրելու գործում: «Սումգայիթի կոտորածն ավելի մեծ հալածանքների հանգեցրեց հայ փոքրամասնության դեմ Ադրբեջանում, որի արդյունքում փաստորեն անհետացավ Ադրբեջանում բնակվող երբեմնի ծաղկուն 450-հազարանոց հայ համայնքը: Դրա գագաթնակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը, որի արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին երկու կողմից և մոտ 1 մլն փախստականներ հայտնվեցին Հայաստանում և Ադրբեջանում»,-ասել է նա:

Կոնգրեսականը նաև նշել է, որ ժամանակը չի ամոքել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի ջարդերի վերքերը: «Հակառակը, հայատյացությունը սերմանվում է ադրբեջանական հանրության շրջանում, ինչի վառ դրսևորումն է Ռամիլ Սաֆարովի օրինակը»,-ասել է Շիֆը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր վտանգավոր և սադրիչ գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, գրում է «Asbarez»-ը:

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած ու զանգվածային տեղահանություն իրագործվեց 1988 թվականի փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխաիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Սումգայիթյան ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---