ԶԼՄ-ներ. Հիլարի Քլինթոնն ապրիլին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԶԼՄ-ներ. Հիլարի Քլինթոնն ապրիլին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ապրիլին պատրաստվում է հայտարարել 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, հայտնում է Wall Street Journal-ը նրա նախընտրական արշավի հովանավորների վրա հղումով:

Ինչպես գրում է պարբերականը, Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հովանավորներին հայտնել է, որ նախագահական քարոզարշավը կսկսվի նախատեսվածից շուտ: Ուստի, նա կկարողանա իր նախընտրական հիմնադրամի համար գումարների հավաքագրման գործընթացն ավելի շուտ սկսել: Ըստ աղբյուրների, նախընտրական արշավի հիմնադրամը կկազմի մոտ մեկ մլրդ դոլար:

Նախկին առաջին տիկինը պաշտոնապես դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն 2014-ի սեպտեմբերին ակնարկել էր հնարավոր մասնակցությունը: 2008-ին Քլինթոնն արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին, նա Բարաք Օբամայի հիմնական մրցակիցն էր կուսակցության ներսում:

Նշենք, որ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ գործող փոխնախագահ Ջո Բայդենի հետ համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական նախագահի թեկնածուն։ Նախագահության հնարավոր թեկնածուների թվում է նաև միլիարդատեր Դոնալդ Տրամպը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ըստ Սահմանադրության այլևս իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, հայտնում է Լենտա. ռու-ն:

2014-ի նոյեմբերին Բարաք Օբաման հայտարարեց, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը համարվում է Դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածուներից մեկը 2016-ի նախագահական ընտրություններում, կարող է հիանալի նախագահ դառնալ:

«Եթե նա որոշի մասնակցել նախագահական ընտրություններին, նա կարող է մրցունակ թեկնածու լինել, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,-հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում:

Ընդ որում նա նշել է, որ իր դրական կարծիքը Քլինթոնի մասին պետք չէ ընկալել որպես նախկին պետքարտուղարի առաջադրման 100-տոկոսանոց երաշխիք: Նա նշեց, որ դեմոկրատներն ունեն նաև այլ հավանական թեկնածուներ, սակայն անուններ չնշեց: Օբաման բարձր գնահատեց Քլինթոնի աշխատանքը պետապարատում՝ անվանելով նրան ականավոր պետքարտուղար և իսկական ընկեր:

 Ուշագրավ
---