Սիրիայի բանակը 31 ասորական գյուղ է ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից

Սիրիայի բանակը 31 ասորական գյուղ է ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը աշխարհազորի հետ համատեղ քրիստոնյաների 31 գյուղ են ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից երկրի հյուսիս-արևելքում, Էլ Հասիկա գավառում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը սիրիական ՍԱՆԱ-ի վրա հղումով:

Սիրիական բանակը գրոհայինների ջոկատները ոչնչացրել է Էլ Հասիկայից 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ, և դեպի արևմուտք 25 կմ հեռավորությամբ, սպանվել են տասնյակ գրոհայիններ:

Աղբյուրը ռազմական կառույցներում հայտնել է գործակալությանը, որ սիրիական բանակը մարտական գործողությունների արդյունքում խափանել է Թել Բարաք մայրուղին իրենց հսկողության ենթարկելու ԻՊ գրոհայինների փորձերը: Մայրուղին Էլ Հասիկան կապում է Էլ Շադադի քաղաքի հետ, որը վերջերս վերածվել է ահաբեկիչների խոշոր հենակետի, ուր տեղափոխվել էին նաև մոտակա գյուղերից առևանգված ասորիները:

ԻՊ գրոհայինները փետրվարի 23-ին հարձակվել էին ասորական գյուղերի վրա, որոնք գտնվում են Էլ Հասիկա գավառում և առևանգել էին մոտ 200 խաղաղ բնակչի, տասնյակ ասորիներ սպանվեցին: Մոտ 30 գյուղ ամբողջովին ամայացավ, մոտ 5 հազար մարդ ստիպված եղավ փախուստի դիմել հարևան շրջաններ:

Ավելի վաղ Հայաստանի ասորիների համայնքը կոչ արեց համաշխարհային գերտերություններին կանխել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարեց ասորիների «Արութ» միության նախագահ Արսեն Միխայլովը:

«Քրիստոնյա ասորիների վիճակը Մերձավոր Արևելքում ուղղակի սարսափելի է…Ասորիները 1980 թ. ի վեր և մինչ օրս ցեղասպանության են ենթարկվում»,-մեջբերում է Միխայլովի խոսքը Armenia Today-ը:

Միխայլովը կոչ արեց գերտերություններին խուսափել երկակի չափանիշներից: Նա հորդորեց անհապաղ ուշադրություն դարձնել Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակին և փրկել քրիստոնյա ասորիներին ցեղասպանությունից: Իր հերթին ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ իրադարձությունները Մերձավոր Արևելքում ամբողջ քրիստոնյա աշխարհի խնդիրն են: Ըստ նրա, այդ տարածքներից քրիստոնյաների վտարումը ամենածանր հետևանքները կունենա:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---