Օջալանը կարող է ազատ արձակվել ՔԱԿ զինյալներին զենքը վայր դնելու կոչի դիմաց

Օջալանը կարող է ազատ արձակվել ՔԱԿ զինյալներին զենքը վայր դնելու կոչի դիմաց

PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, հնարավոր է, ազատ արձակվի: Այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Ֆըրաթը, գրում է Tert.am-ը թուրքական T24 հեռուստաընկերության կայքին հղումով:

Նա իր պնդումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Օջալանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերջինս բռնությանն ու ահաբեկչությանը դեմ է հանդես գալիս: «Օջալանն այժմ դեմ է հանդես գալիս բռնության բոլոր տեսակներին և կոչ է անում PKK-ի զինյալներին վայր դնել զենքերը»,- նշել է Ֆըրաթը:

Քրդերը պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար արդեն տասնամյակներ շարունակ: Հակամարտությունն Անկարայի հետ արդեն մոտ 40 հազար կյանք է խլել: 2012-ի մարտին հայտարարվեց Անկարայի ու քրդերի միջև հրադադարի մասին: Կողմերը պատրաստվում էին նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացը տեսանելի հաջողություն չբերեց:

Նա նշել է, թե քրդերի հետ խաղաղության հաստատումը կլինի Օջալանին ազատ արձակելու միջոցով, և բերել է Հարավաֆրիկյան Հանրապետության օրինակը: «Մանդելան էլ նման մի գործընթացի ընթացքում ազատ չարձակվե՞ց»,- ասել է թուրք գործիչը:

Ավելի վաղ Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ ճանապարհային քարտեզ կառաջարկեն քրդերի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մինչ այդ ավարտվեց վերջնագրի ժամկետը, որն Անկարային ներկայացրել էր ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում Իմրալի կղզում: Օջալանը թուրքական իշխանություններին ժամկետ էր նշանակել մինչև 2014-ի հոկտեմբերի 15-ը քրդական ուժերի հետ բովանդակալից բանակցություններ վարելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով խափանել բանակցությունները, հրաժարվել հրադադարից ու վերսկսել զինված պայքարը:

Մինչ այդ լուրեր տարածվեցին, որ Աբդուլլահ Օջալանն առողջության հետ խնդիրների պատճառով կարող է վաղաժամկետ ազատ արձակվել։ Վերջերս Թուրքիայում առողջության հետ խնդիրների պատճառով տարբեր գործերով ձերբակալված բազմաթիվ գործիչներ ազատվեցին։ Օջալանի ազատ արձակման մասին տեղեկացրել է հայտնի թուրք պատմաբան Յուսուֆ Խալաճօղլուն՝ պնդելով, թե նրան բաց կթողնեն բժշկի եզրակացությամբ։

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:

2014 թվականի հունվարի 13-ին Աբդուլլահ Օջալանը՝ հարգելով Հրանտ Դինքի հիշատակը, բանտից հաղորդագրություն էր տարածել. «Ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակի՝ եղբայր Հրանտի պայքարն ու հիշատակը»:

Հաղորդագրությունն Օջալանը փոխանցել էր հունվարի 11-ին երկու քուրդ պատգամավորների միջոցով, որոնք այցելել էին Իմրալի:

Թուրքերի ու անկախ պետություն հիմնել պահանջող քրդերի միջև կոնֆլիկտն արդեն 25 տարուց ավելի է տևում․ այն ավելի քան 40 000 կյանք է խլել։ ՄԱԿ-ն ու Եվրախորհույրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---