Սահակաշվիլի. Կիևին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է

Սահակաշվիլի. Կիևին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է

PanARMENIAN.Net - Կիևին պաշտպանական զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է, գրում է ՌԲԿ-Ուկրաինան «5 ալիքի» եթերում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխայիլ Սահակաշվիլիի վրա հղումով:

«Ամերիկան ժողովրդավարական երկիր է, ուստի շատ կարևոր էր, որ հրապարակավ Կոնգրեսում և Սենատում հնչեր, և կհնչի եկող շաբաթ, Ուկրաինային զենք մատակարարելու բարձրաձայն պահանջը: Դա հնչում է հիմա ԱՄՆ բոլոր ԶԼՄ-ներում: Երբ նախագահ Պորոշենկոն ասաց այդ մասին Կոնգրեսում նախորդ տարվա սեպտեմբերին իր հաղթական ելույթում, շատերի համար դա անսպասելի էր և շատերը լսել չէին ուզում դրա մասին: Այժմ, որոշումը պատրաստ է 99 տոկոսով: Երբ կլինի վերջին, ամենակարևոր տոկոսը, ես չգիտեմ, հուսով եմ՝ առաջիկայում, քանի որ Ուկրաինան շատ քիչ ժամանակ ունի»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Ըստ նրա, եթե Ուկրաինան պաշտպանական զենք ստանա, դա «հզոր ազդակ կլինի հազարավոր ու հազարավոր մարդկային կյանքեր փրկելու համար»:

«Պետք է կասեցնել ռուսական ագրեսիան, մենք բոլորս գիտենք, որ Պուտինը կփորձի հիմա ոչ միայն Մարիուպոլը գրավել, այլ նաև ամբողջ հարավային մասը, հետո կփորձի տապալել Կիևի կառավարությունը: Ուկրաինական պետությունը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր անվտանգությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ առաջիկա օրերին նախագահ Օբաման որոշում կկայացնի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ:

Լոնդոն այցի ժամանակ Քերին հայտարարեց, որ ԱՄՆ և նրա եվրոպական դաշնակիցների միջև «լուրջ մրցակցություն» կա, թե ինչ նոր պատժամիջոցներ է պետք կիրառել Ռուսաստանի դեմ և երբ:

Մասնավորապես, ըստ նրա, Օբաման քննարկում է Ուկրաինա զենքի առաքումներ սկսելու կամ ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Դոնբասում հրադադարը խախտելու համար:

Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային օգնական նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահ: Խորհրդի հիմնական խնդիրը լինելու է Ուկրաինայում բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ու խորհուրդների ներկայացումը լավագույն միջազգային փորձի հիման վրա:

«Միխայիլը Ուկրաինայի ներկայացուցիչը կլինի արտերկրում և միաժամանակ միջազգային հանրության ներկայացուցիչն Ուկրաինայում: Մենք վստահ ենք, որ հենց նա կկարողանա երկկողմ հաղորդակցություն հաստատել Ուկրաինայի և աշխարհի միջև բարեփոխումների հարցում՝ ներգրավելով լավագույն միջազգային փորձն ու ըստ արժանավույնս ներկայացնելով մեր աշխատանքն արտերկրում»,-ասել է Պորոշենկոն:

Ենթադրվում էր, որ Սահակաշվիլին որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական կզբաղվի Ուկրաինա զենքի մատակարարման հարցերով Արևմուտքի երկրներից: Այդ մասին նա պատմել է ուկրաինական «Եսպրեսո. TV»-ի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հիմա ամենակարևորը զենքով Ուկրաինային օգնելն է: Առաջիկա օրերին ես համակարգելու եմ այդ գործընթացը: Ես որևէ կոնկրետ գերատեսչության աշխատակից չեմ, ես ազատ քաղաքական գործիչ եմ»,-ասել է Սահակաշվիլին: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---