Gallup. ՀՀ բնակչության մոտ 65%-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցությանը

Gallup. ՀՀ բնակչության մոտ 65%-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցությանը

PanARMENIAN.Net - ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանն աջակցում է Հայաստանի բնակիչների 64 տոկոսը, վկայում են 2014 թ.–ի նոյեմբերի 20–27–ը Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները։

«Ցանկալի՞ է, արդյոք, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը» հարցին հարցվածների 11 տոկոսը պատասխանել է «միանշանակ այո», 53 տոկոսը` «ավելի շուտ այո», -երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքերով` այս ցուցանիշը մոտավորապես համընկնում է 2014 թ.–ի օգոստոսին անցկացված ուսումնասիրության արդյունքների հետ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով վերապահվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը, որը համապատասխան պայմանագիրը ստորագրել է 2014-ի դեկտեմբերին:

Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և այդ երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսային ձևակերպումներ չեն կատարվում: Հաշվի առնելով Միության հետ ՀՀ ընդհանուր սահմանի բացակայությունը` ապրանքները ձևակերպվում են միայն «Տարանցում» մաքսային ընթացակարգով և տեղափոխվում նույնականացման միջոցների կիրառմամբ: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման համար մաքսատուրքեր չեն հաշվարկվում և չեն գանձվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---