Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն իրագործողներին. ԵԺԿ-ն ընդունեց բանաձևը

Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն իրագործողներին. ԵԺԿ-ն ընդունեց բանաձևը

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության մարտի 3-ի նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նիստին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում այն Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին` ապրիլի 24, 2015:

1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:

2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաև փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետ և անքով բնաջնջման և բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև Պոնտոսի հույները և ասորիները: Մենք հարգում ենք նաև նրանց հիշատակը:

3. Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:

4. Կոչ ենք անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը:

5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու և կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարևորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական և այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային և կրոնական կենտրոններ:

6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու և հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում.

7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների և իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.

• Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

• Ձևավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաև, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը և հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական և կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաև կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնումը և դրանց հանձնումը հայակական և այլ համայնքներին:

• Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա:

8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը,ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և մեր ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար:

9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---