Փոխվել է սոցփաթեթի տրամադրման կարգը. Տարեկան բժշկական քննությունը պարտադիր կդառնա

Փոխվել է սոցփաթեթի տրամադրման կարգը. Տարեկան բժշկական քննությունը պարտադիր կդառնա

PanARMENIAN.Net - ՀՀ պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել. փոփոխությունները հիմնականում վերաբերում են անվճար բժշկական օգնությանն ու դրա սպասարկման կազմակերպմանը: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը` ներկայացնելով իրականացված փոփոխություններն ու ավելացված լրացուցիչ ծառայությունները, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով` առողջապահական բաղադրիչի առումով երեք հիմնական փոփոխություն է կատարվել:

Ծատուրյանը նշել է, որ առաջին փոփոխության համաձայն` այսուհետ սոցիալական փաթեթի բոլոր շահառուներին տրամադրվելու է տարեկան բժշկական պարտադիր քննության փաթեթ: Սա նշանակում է, որ սոցիալական փաթեթից օգտվողները տարեկան գոնե մեկ անգամ պետք է որոշակի հետազոտություններ անցնեն իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներում: Այս փոփոխության նպատակն է, որպեսզի առկա խնդիրներն ավելի վաղ փուլում հայտնաբերվեն:

«Կանխարգելիչ բժշկական քննության այս բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից օգտվելու համար։ Ընդ որում՝ 2015 թվականին շահառուն այդ ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի»,- ասել է նա:

2015-ին շահառուն այդ ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը կակտիվացնի սոցիալական փաթեթի 2016 թվականի ծառայությունները: 2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար։

Ինչ վերաբերում է երկրորդ փոփոխությանը, այսուհետ սոցփաթեթով հնարավոր է բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: Այսինքն` եթե նախկինում անվճար մատուցվում էր միայն հիվանդանոցային բուժօգնություն, ապա այժմ որոշակի թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ևս հնարավոր կլինի: Իսկ երրորդ փոփոխությունն այն է, որ հնարավորություն է տրվում սոցիալական փաթեթի մնացած գումարներն ուղղել իր ընտանիքի անդամներից մեկի համար բժշկական ապահովագրության ձեռքբերմանը:

«Այսպիսով հնարավորություն է ընձեռնվել սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը»,- ասել է Սարո Ծատուրյանը:

Նա նաև հայտնել է, որ սոցփաթեթի մոտ իննսուն հազար շահառուների՝ հիմնականում պետական ծառայողների և մանկավարժների հետազոտությունների և բուժման համար 2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3,3 միլիարդ դրամ, որից շուրջ 700 միլիոնը՝ տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկության քննության համար:

Սոցփաթեթը Հայաստանում ներդրվել է հանրային հատվածի աշխատակիցների համար 2012-ին: Յուրաքանչյուր պետծառայողի համար տարեկան պետբյուջեից հատկացվում է 132 հազ. դրամ: Դա հնարավորություն է ընձեռում հանրային հատվածի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակներին) հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից. բժշկական ապահովագրություն (աշխատակիցների համար՝ պարտադիր), հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---