Եվրահանձնակատար. ԵՄ-ն պետք է հարևանների հետ փոխգործակցության տարբեր ձևեր որդեգրի

Եվրահանձնակատար. ԵՄ-ն պետք է հարևանների հետ փոխգործակցության տարբեր ձևեր որդեգրի

PanARMENIAN.Net - ԵՄ Հարևանության նոր քաղաքականությունն այդքան գոռոզամիտ չի լինի, հայտարարել է ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ ներկայացնելով զեկույցը Հարևանության եվրոպական քաղաքականության մասին:

Ըստ Հանի, ԵՄ-ն պետք է հարևան երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևեր որդեգրի՝ ասոցացման մասին համաձայնագրից մինչև ազատ առևտուր և ընդլայնված գործընկերություն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա պետք է հավասարների գործընկերություն լինի, մեր քաղաքականությունը չպետք է խրատական լինի,-ասել է նա:-Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարևան երկրների միջև առկա զգալի տարբերությունները»: Եվրահանձնաժողովը մինչև աշուն նոր առաջարկներ կներկայացնի Հարևանության քաղաքականության զարգացման ու արդիականացման վերաբերյալ, հայտնել է եվրահանձնակատարը:

«Մինչև հունիս մենք լայնածավալ խորհրդակցություններ կանցկացնենք հարևան երկրների ու ԵՄ-ում շահագրգիռ կողմերի միջև, որից հետո աշնանը առաջարկներ կներկայացվեն Հարևանության քաղաքականության վերաբերյալ»,-Հանի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագիրը մեկնարկել է 2003 թվականին։ Ծրագրի նպատակն է ավելի սերտ համագործակցել այն պետությունների հետ, որոնք չեն ընդգրկվում Եվրամիության ընդարձակման ծրագրում։

Հարևանության ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը համագործակցում է 16 երկրների հետ, դրանց թվում են նախկին խորհրդային վեց պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ընդգրկված են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում։

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ 2015-ը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան: Նա նշեց, որ Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ, որը բխում է Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարությունից: «Եվրամիությունը Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում: Կողմերն ունեն քաղաքական կամք»,- ասաց Տ. Հրիսթեան:

Տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիությանհետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նշել էր, որ 2015-ի գարնանը կլինիՀայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր:

Նա ասաց, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը՝ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա: «Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասել է քաղաքագետը:

Թե դա ինչպես կկոչվի, նրա գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---