ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Սև ծով

ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Սև ծով

PanARMENIAN.Net - Սև ծով է մտել ՆԱՏՕ-ի 6 ռազմանավ, որոնք զորավարժություններ կանցկացնեն Բուլղարիայի, Ռումինայի և Թուրքիայի ՌԾՈւ հետ, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Նավերը ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային հետևակի խմբից են, որի կազմում կան վեց երկրների ռազմանավեր՝ Vicksburg (ԱՄՆ), Fredericton (Կանադա), Turgutreis (Թուրքիա), Spessart (Գերմանիա), Aliseo (Իտալիա), Regina Maria (Ռումինիա): Զորավարժությունների ընթացքում շեշտը դրվելու է օդային հարվածներից և սուզանավերի տորպեդային գրոհներից պաշտպանվելու ունակությունները վարժեցնելու վրա:

«Զորավարժությունները մեր դաշնակիցների հետ Սև ծովում նպաստում են ՆԱՏՕ-ի պատրաստականությանը ցանկացած առաքելության դեպքում, որը կարող է պահանջվել հավաքական պաշտպանության շրջանակում պարտավորությունները կատարելիս»,-հայտարարել է արշավային խմբի հրամանատար, ծովակալ Վիլյամսոնը, հայտնում է «Կորեսպոնդենտ.Net»-ը:

Փետրվարի 8-ին Սև ծով էր մուտք գործել ԱՄՆ հրթիռային USS Cole (DDG-67) ռազմանավը:

2014-ի նոյեմբերի 21-30-ին Իզմիրի ծովածոցում անցկացվեց Նուսրեթ-2014 (Nusret-2014) զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցեցին Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերն ու օդուժը, առափնյա անվտանգության նավերն ու ուղղաթիռները: Իբրև դիտորդ՝ զորավարժությանը մասնակցեցին նաև Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներ:

ԱՄՆ բանակի ռազմական տեխնիկան և Մեծ Բրիտանիայի ԶՈւ զինծառայողները մասնակցել են փետրվարի 24-ին Ռուսաստանին սահմանակից էստոնական Նարվա քաղաքում անցկացված ռազմական շքերթին, որը կազմակերպվել էր Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Այս խորհրդանշական քայլի նպատակն է ցույց տալ երկու կողմերի հարաբերությունների հնարավոր լարման հետևանքները: Շքերթի անցկացման վայրը՝ Նարվա քաղաքը, ևս խիստ խորհրդանշական է, քանի որ այն, սահմանակից լինելով Ռուսաստանին, նաև ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հավանական առճակատման կիզակետերից մեկը կարող է լինել:

Մերձբալթյան պետություններ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք մինչ Խորհրդային Միության փլուզումը միութենական 15 պետություններից էին, ՆԱՏՕ-ին են անդամակցել 2004-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---