Zaman. Չանաքքալեի 100-ամյակի առթիվ ակնկալվող միջոցառումները հայտնվել են փակուղում

Zaman. Չանաքքալեի 100-ամյակի առթիվ ակնկալվող միջոցառումները հայտնվել են փակուղում

PanARMENIAN.Net - Թուրքիայում Չանաքքալեի (Գալիպոլի) հաղթանակի հարյուրամյակի առթիվ ակնկալվող լայնամասշտաբ միջոցառումները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնող թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականի կայքը նկատել է տալիս, որ մինչև հաղթանակի օրը երկու շաբաթ է մնացել, իսկ թերակղզում հիշատակման միջոցառումների կամ որևէ նախագծի հետք անգամ չի երևում, հայտնում է Panorama.am-ը:

«Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակի առթիվ մեծ տոնակատարությունների սպասելիքները հիասթափության են վերածվել: Չանաքքալեի քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը տեղեկացրել է, որ 100-ամյակի միջոցառումների նախապատրաստությունները լավ չեն ընթանում: Ըստ քաղաքապետի` ստեղծվել է տարածքային հանձնաժողով, բայց ոչ համապատասխան բյուջե կա, ոչ էլ անձնակազմ: Քաղաքապետարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում 100 ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել, բայց դրանք բավարար չեն»:

Նույն աղբյուրի համաձայն` Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարությունների մասին դեռ չորս-հինգ տարի առաջ ամպագորգոռ հայտարարություններ էին արվում, «Չանաքքալե 2015 գործակալություն» հիմնադրելու մասին էր խոսվում, իսկ երեք տարի առաջ Չանաքքալեի նահանգապետարանի կողմից հիմնվել էր «2015թ. համակարգող կենտրոնը», սակայն «այդ կառույցը փորձում է գիտաժողովների, պոեզիայի ընթերցումների, հուշարձանների մոտ անցկացվող փոքրամասշտաբ արարողությունների միջոցով ծածկել չիրականացվող նախագծերի բացթողումները»:

«Զամանը» տեղեկացնում է, որ չնայած բոլոր նախնական հայտարարություններին` այս տարվա մարտի 18-ի Չանաքքալեի միջոցառումները ոչնչով չեն տարբերվելու նախորդ տարիներից: Այդ օրը լինելու են միայն երկու միջոցառում` քաղաքի կենտրոնում գտնվող «Մարտի 18»-ի հրապարակում և «Զոհերի հուշարձանի» մոտ:

Մինչդեռ, ավելի վաղ Չանաքքալեի նահանգապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ մարտի 18-ին և ապրիլի 24-25-ին Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրված մեծաթիվ հյուրերի և ակնկալվող բազմամարդության պատճառով Թուրքիայի քաղքացիներին արգելվում է այդ օրերին մուտք գործել միջոցառումների տարածք: Այս հայտարարությունը նույնիսկ Թուրքիայի որոշ քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների կողմից բողոքի և դատարան դիմելու պատճառ էր հանդիսացել:

Չանաքքալեի քաղաքապետը այս առթիվ նշել է. «Այս աշխատանքները պետք էր երկու տարի առաջ նախագծել: Նահանգապետ Ահմեթ Չընարը և նախկին նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունան պայքարեցին, բայց նրանց լիազորություն և միջոցներ չտրվեցին: Մեղավորն Անկարան է: Հուսով եմ ` 2015թ. ընթացքում կկարողանանք որոշ նախագծեր իրականացնել: Որոշակի անհանգստություն ունեմ: Հուսով եմ` մեր նախագծերը նորզելանդացիների միջոցառումներից պակաս ազդեցիկ չեն լինի»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ թուրքական Today's Zaman պարբերականը գրեց, իբր Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ին նախատեսված Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները։

Ըստ պարբերականի, միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են ապրիլի 24-ին այցելել Անկարա` նույն օրը Երևանում հիշատակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։

Հրավերն ուղարկվել էր 100 բարձրաստիճան պաշտոնյաի, ներառյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով, գրել էր պարբերականը:

Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ էին արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գալ Երևան: Դրանց թվում են Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով:

Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---