Կառավարությունը հաստատել է ՓՄՁ-ների աջակցության 2015-ի ծրագիրը. 90%-ը՝ մարզերին

Կառավարությունը հաստատել է ՓՄՁ-ների աջակցության 2015-ի ծրագիրը. 90%-ը՝  մարզերին

PanARMENIAN.Net - Կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015-ի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ մոտ 90%-ը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցությանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:

էկոնոմիկայի նախարարը Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ծրագիրը նախատեսում է շարունակել ՓՄՁ ենթակառուցվածքների պահպանումն ու ամրապնդումը, ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ծրագրերի իրականացումը, որոնց նպատակով կհատկացվի 152 մլն դրամ: Ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից:

Վարչապետն ընդունելի է համարել տոկոսադրույքի չափը և կարևորել է ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Կներդրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմներ (գործիքներ), մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի տեղական տնտեսական զարգացմանն ու ոլորտային բիզնեսներին, նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ գործող միջազգային կառույցներին ու ցանցերին ինտեգրվելու նպատակով: Կխրախուսվի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառումը: Կիրականացվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումներ: Ընդհանուր առմամբ 2015 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 10 ծրագիր՝ ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազն 150 տնտեսական նախաձեռնություններ:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին կմշակվեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ` ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև կցուցաբերվի շարունակական աջակցություն գործող բիզնեսներին:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնում և նրանց մրցունակության բարձրացում:

Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում ՓՄՁ ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Այս առումով ՓՄՁ ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացման հնարավորություններով նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա և ապահովում է զգալի սոցիալ-տնտեսական արդյունք, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացում:

Կարևորելով ՓՄՁ ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ պետական աջակցության ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրագործման, ՓՄՁ ոլորտի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմման և կայացման շնորհիվ վերջին տարիներին որոշակիորեն բարձրացել է ՓՄՁ ոլորտի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանում ՓՄՁ աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել ՓՄՁ հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---