Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է «ԻՊ օղակների» ակտիվացմամբ ՀԱՊԿ երկրներում

Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է «ԻՊ օղակների» ակտիվացմամբ ՀԱՊԿ երկրներում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀԱՊԿ երկրներում «Իսլամական պետության» օղակների ակտիվացման մասին: Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել է, որ Մոսկվան «չափազանց մտահոգված է ՀԱՊԿ հարավային սահմաններին ստեղծված իրավիճակով»: Նա հավելել է, որ ԻՊ առաջին միավորումներն են հայտնվել, մասնավորապես, Տաջիկստանում:

Անտոնովը նշել է նաև, որ արևմտյան երկրները գործակցության փոխարեն նոր բաժանարար գծեր են ստեղծում՝ որպես թիրախ ընտրելով Ռուսաստանը:

«Չարիքի դեմ պայքարում ուժերը միավորելու փոխարեն, որից գլխավորը ահաբեկչությունն է, արևմտյան երկրները նոր բաժանարար գծեր են ստեղծում…Որպես թիրախ այսօր արևմտյան երկրները ընտրել են Ռուսաստանը»,-ասել է Անտոնովը:

Ըստ փոխնախարարի, միջազգային անվտանգության համակարգը խարխլված է ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողություններով, և առանց փոխադարձ վստահության այն վերականգնել հնարավոր չէ:

«Չի կարող այսօր ՆԱՏՕ-ն լինել ազատության ու ժողովրդավարության երաշխավորն աշխարհում, ինչպես պնդում են Բրյուսելում»,-ասել է Անտոնովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---