Նավթի գներն աշխարհում աճում են Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով

Նավթի գներն աշխարհում աճում են Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են արձանագրում Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով ներդրողների մտավախությունների ֆոնին: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները: Մոսկվայի ժամանակով 07:18-ին Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,88 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 61,01 դոլարի: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,75 տոկսով՝ հասնելով 51,14 դոլարի մեկ բարելի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Շուկան հիմա կառուցողական տեսք ունի, իսկ թրեյդերները նավթի արժեքի աճի միտում են տեսնում, հավանաբար, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում լարվածության աճի պատճառով»,-հայտարարել է «Ֆրանս Պրես» գործակալությանը CMC Markets-ի գլխավոր շուկայագետ Մայքլ Մաքքարթին:

Լիբիայի National Oil Corporation ազգային նավթային ընկերությունը վերջերս հայտարարեց ֆորս-մաժոր (հրաժարում պատասխանատվությունից արտակարգ իրավիճակներում) նավթի իր 11 հանքավայրերում զինված հակամարտության պատճառով: Ըստ վերլուծաբանների, չդադարող մարտերի պատճառով նավթի արդյունահանումը երկրում կրճատվել է օրկան 1,5 մլն բարելից մինչև 150 հազար բարել:

Երկիրը գտնվում է մարտական գործողությունների կիզակետում երկու մրցակից կառավարությունների միջև, որի պատճառով նավթային նավահանգիստների մի մասը վնասվել է կամ հայտնվել է «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---