ԻՊ ահաբեկիչները հողին են հավասարեցրել պատմական Նեմրութ քաղաքը

ԻՊ ահաբեկիչները հողին են հավասարեցրել պատմական Նեմրութ քաղաքը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակներն Իրաքի տարածքում, հայտնում է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը:

«ԻՊ-ն հողին է հավասարեցրել պատմական Նեմրութը ծանր տեխնիկայի օգնությամբ»,-ասվում է նախարարության Facebook-ի էջում զետեղված հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նեմրութը հիմնել է մ.թ.ա XIII դարում Սալմանասար Առաջինը, իսկ 400 տարի անց այն դարձավ Ասորեստանի մայրաքաղաքը: «Մ.թ.ա 612 թվականին քաղաքն ավերվեց միդացիների և քաղկեդոնացիների կողմից: Մոսուլի հարավ-արևելքում գտնվող ավերակներում պեղումներ են կատարվում XIX դարի կեսից և շատ կարևոր գտածոներ են հայտնաբերվել: 2003-ին ամերիյյան զորքերի ներխուժման հետևանքով այնտեղ խոշոր ավերածություններ եղան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում:

Ծայրահեղականներից մեկը տեսանյութ է զետեղել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ հուշարձաններ կոտրում մեծ մահակով: Հուշարձանների մի մասը դասվում է մ.թ. ա VII դարին՝ ասորական դարաշրջանին: Ինչպես բացատրում է հոլովակում իսլամիստներից մեկը, արձաններն ու քանդակները նպաստում են կռապաշտությանը: «Մարգարեն պատգամել է մեզ ձերբազատվել քանդակներից ու հուշարձաններից, նրա հետևորդները նույնն էին անում, երբ երկիր էին գրավում»,-հայտարարել է գրոհայիններից մեկը, հայտնում է Reuters-ը:

Իսլամիստների գրաված Մոսուլի թանգարանի նախկին աշխատակիցը կարծում է, որ ցուցանմուշները պատկանում էին այդ թանգարանին: Ըստ իրաքցի հնագետ Լամին ալ Գայլանի, ջիհադականների հասցրած վնասը համեմատելի է 2001-ին Բուդդայի արձանի պայթեցման հետ թալիբների կողմից:

ՅՈւՆԵՍԿՕ-ն հորդորել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել Իրաքի մշակութային ժառանգության պահպանման հարցով, որի օբյեկտները ոչնչացնում են ԻՊ գրոհայինները:

Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետւթյան» գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ 10 հազար գիրք ոչնչացնելով: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից, որոնք Իրաքի մշակութային ժառանգությունն էին: Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները նրանով, որ գրքերն ու ձեռագրերը իբր այլախոհություն էին սերմանում:

Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծեցին Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին:

2014-ի աշնանը ԻՊ ահաբեկիչները ոչնչացրեցին Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, պղծեցին հայ կաթողիկե եկեղեցին Ռաքքայում: Հայաբնակ Քեսաբի ուղղությամբ «Ան Նուսրայի» իսլամիստների գրոհի և դրան հաջորդած մարտերի ժամանակ տուժեց քաղաքի հայկական եկեղեցին և հայերի նյութական ու մշակութային այլ օբեյկտներ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---