Վկա՞, թե մեղսակից. Deutsche Welle-ն անդրադարձել է Ցեղասպանության ընթացքում Գերմանիայի լռությանը

Վկա՞, թե մեղսակից. Deutsche Welle-ն անդրադարձել է Ցեղասպանության ընթացքում Գերմանիայի լռությանը

PanARMENIAN.Net - Գերմանական Deutsche Welle-ն ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի դերակատարությանն ու Բեռլինի քաղաքականությանը՝ Ցեղասպանության ճանաչման մասով: ArmenianGenocide100.org-ը ներկայացրել է այն՝ որոշ կրճատումներով:

«Վկա, թե՞ մեղսակից. Բեռլինի պատմաբանների համագումարում բանավիճում էին 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի դերի շուրջ: Վերջերս ի հայտ եկած փաստերը ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղքն ավելի շատ է, քան ենթադրվում էր նախկինում:

1916-ի սեպտեմբերի 29-ին գերմանական Ռայխսթագում դիվանագետ Գոթլիբ ֆոն Հագովը խորդհրդարանին էր տվել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մի հաշվեգրություն ՝տեղահանումների և մահապատիժների մասին: Այդ ժամանակ Գերմանական կայսրությունը գաղութներ ուներ, այն նաև Օսմանյան իշխանության դաշնակիցն էր, որը նախքան Առաջին աշխարհամարտը նախաձեռնել էր քրիստոնյա հայերի զանգվածային հալածանքները: «Մենք արեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր»,- ասել է Յագովը՝ պաշտպանելով Գերմանիայի պասիվությունը:

Զանգվածային սպանություններին լուռ համաձայնությունը Բեռլինում 160 պատմաբանի մասնակցությամբ համագումարում քննարկելիս նրանց համար ապացուցված փաստ էր հայերի տեղահանումների գործընթացում Գերմանական կայսրության ներգրավվածությունը: Այնուամենայնիվ, ամբողջովին պարզ չէ գերմանացիների դերը:

ԵՊՀ-ն ներկայացնող պատմաբան Աշոտ Հայրունու խոսքով, գերմանացիները հանցակից են համարվում իրենց լռության և սառը անտարբերության պատճառով: Գերմանական կառավարությունը պարզապես կանգնել և հետևում էր՝ ինչպես էին երիտթուրք կառավարության ներկայացուցիչներն արտաքսում հայերին Թուրքիայից մինչև Միջագետքի անապատները, ժամանակակից Իրաքի, Քուվեյթի և Սիրիայի տարածաշրջանները: Գերմանացիներն էլ պնդում էին, որ չէին ուզում խառնվել, թեև քաջատեղյակ էին:

Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիսթին Փշիխհոլցը որևէ կասկած չունի. հետազոտելով Գերմանիայի ԱԳՆ արձանագրությունները՝ նա եզրակացնում է՝ գերմանական կառավարությունը մանրամասն տեղեկություններ ուներ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հանդեպ կործանարար քաղաքականության վերաբերյալ: Տարահանումներ, մահապատիժներ և հարկադիր աշխատանք. գերմանացի դիվանագետները տեղեկացնում էին այդ ժամանակ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ինչպես 1915թ. հուլիսի 7-ին Կոնստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանի Կայսրության կանցլերին ուղարկված ուղերձում: Դրանում ասվում է. «Հայտարարվել է, որ թուրքական կառավարությունը մտադիր է ոչնչացնել Թուրքական կայսրությունում ապրող հայ ազգին»:

Լեփսիուսհաուսից՝ պոտսդամյան բարձր որակավորում ունեցող հետազոտական ինստիտուտից, պատմաբան Ռոլֆ Հոլսֆելդն ասում է. «1915-1916 թթ. Օսմանյան կայրության տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունից գերմանական կառավարությունը պաշտոնապես տեղյակ է ավելի քան 100 տարի», բայց գերմանացի պաշտոնյաները խուսափում էին Հայաստանի մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը: Փոխարեն ասում էին «կոտորած» կամ «տեղահանում»:

2015թ. փետրվարին Գերմանիայի ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանում քննարկման է դրել Թուրքիայում հայերի հալածանքների համար բառեզրի օգտագործման թեման, սակայն կառավարությունը որոշել է շարունակել օգտագործել նույն եզրաբանությունը՝ պատճառաբանելով, որ չի ուզում վտանգել հայ-թուրքական հաշտեցումը: Գերմանական կառավարությունն այս հարցի քննարկումը թողնում է ակադեմիական ներկայացուցիչների շրջանում:

Հայաստանը, ավելի քան 20 երկրներ և Բեռլինյան համագումարի պատմաբանների մեծամասնությունն այդ ժամանակվա իրադարձությունները ցեղասպանություն են համարում՝ համաձայնեցնելով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության կոնվենցիայի հետ: Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե մեկ տարի առաջ կոտրել է այս թեմայի շուրջ թուրք պաշտոնյաների՝ տասնամյակների լռությունը: Նա ներողություն է խնդրել զոհերի և նրանց սերունդների համար, խոսել հայերի տարահանման «անմարդկային հետևանքների» մասին: Նա չի խոսել ցեղասպանությունից:

Նախկին Արևելյան Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան և խորհրդարանում Սոցիալ դեմոկրատների նախկին ներկայացուցիչ Մարկուս Մեքելը Բունդեսթագում էր, երբ 10 տարի առաջ Հայոց հարցն առաջին անգամ քննարկման դրվեց: «Նույնիսկ այն ժամանակ Թուրքիայի վերաբերյալ ոչ մի բանաձև չէր կարող ընդունվել, եթե նրանում առկա լիներ «ցեղասպանություն» բառը: Երկար քննարկումներից հետո հայտարարվել էր, որ գերմանացիները ներողություն են խնդրում Գերմանական կայսրության «անփառունակ դերի» համար: Ավելին ասել հնարավոր չէր: Նույնիսկ կոմունիզմի ժամանակ, -ասում է Մեքելը,- քաղաքականությունն էր սահմանում պատմությունը»:

Այնուամենայնիվ Գերմանիան դեռ կարող է անել կարևոր քաղաքական որոշում՝ հայ ժողովրդի տառապանքները «ցեղասպանություն» կոչելով: «Նրանք ովքեր չեն օգտագործում այս տերմինը, տառապանքներին և նման աղետներին կարևորություն չեն տալիս»,- ասում է Մեքելը:

Պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ դա գերմանական կառավարության պարտականությունն է. «Կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ընդունելու որոշում կայացնի»:

Deutsche Welle-ի աղբյուրների համաձայն, գերմանական խորհրդարանը բանավեճ է նախատեսում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հույս կա, որ այս հարցի շուրջ որևէ բան դեռ կփոխվի: Ցայսօր Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ դեռ պարզ չէ՝ ով է ներկայացնելու Գերմանիան Հայաստանի մայրաքաղաքում:

Կարծիք կա, որ այս հարցի շուրջ Գերմանիայի գաղտնապահությունը պայմանավորված է բարձր մակարդակի քաղաքական գործիչների բացակայությամբ: Հնարավոր է, որ մասնակցելու է միայն Գերմանիայի դեսպանը, մինչդեռ Ֆրանսիան ներկայացնելու է հենց նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---