Հայ մարզիկները կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին

Հայ մարզիկները կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը:

Քվեարկությամբ որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու հունիսին կայանալիք խաղերին, նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունը մեր մարզիկների համար ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախագահ Սարգսյանին հավաստիացրել էր, որ թե ՄՕԿ-ը, թե Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ջանքեր կգործադրի, որ հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել էր, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքն ու անվտանգության ապահովման դեպքում մեր երկրի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու:

Նոյեմբերի 5-ին ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Ադրբեջանում մտավախություն կա, որ Բաքվի տնտեսությունը կարող է մեծ հարված ստանալ Եվրոպական խաղերից հետո, ինչպես ժամանակին խաթարվեց տնտեսական իրավիճակը Հունաստանում Օլիմպիական խաղերի ավարտին: Ադրբեջանում հսկայական միջողներ են ծախսվել, որոնք, ըստ ադրբեջանցի փորձագետների կանխատեսումների, չեն արդարացվի. Եվրոպական խաղերից սպասվող շահույթը չի գերազանցի 100 մլն դոլարը, ինչը ծախսածից շատ ավելի քիչ է: Տնտեսագետ, ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին «Մինվալ.ազ»-ին տված հարցազրույցում որպես պատճառներից մեկը նշել է ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկումը:

Ջաֆարլին ընդգծել է նաև, որ Ադրբեջանից արտահանման 95 տոկոսը կազմում են նավթը, նավթամթերքն ու գազը, իսկ դրանց միջազգային շուկայում ստեղված իրավիճակը ցույց տվեց, որ երկրի տնտեսությունը ունակ չէ պայքարելու աշխարհում ստեղծված մարտահրավերներին:

«Մեր հանդեպ ոչ ոք պատժամիջոցներ չի կիրառել, հարևան երկրների հետ առևտուր անելու հնարավորություն կա, սակայն, ցավոք, մենք նավթից բացի ուրիշ բան չունենք վաճառելու: Այս պրիմիտիվ տնտեսական մոդելի հետևանքով Ադրբեջանն ավելի խոցելի է դառնում ազգային արժույթի արժեզրկման պայմաններում»,-պնդում է տնտեսագետը: Ըստ Ջաֆարլիի, մեծ հավանականություն կա, որ նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 50 դոլարից, սակայն ադրբեջանական տնտեսությանը կարող է օգնել միայն 100 դոլարը գերազանցող գինը մեկ բարելի համար, իսկ առաջիկա տարիներն դա չի լինի:

Ինչպես ասվում է հոդվածում, փորձագետին երբեմն թվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն տարրական հակաճգնաժամային, մտածված ծրագիր, որը կարող էին առաջարկել հանրությանն ու գործարարներին:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին նաև անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանում անցած Եվրոպայի առաջնությանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---