«100 կյանք» նախաձեռնությունը մեկնարկել է, մարդասիրական նոր` «Ավրորա» մրցանակը՝ հիմնվել

«100 կյանք» նախաձեռնությունը մեկնարկել է, մարդասիրական նոր` «Ավրորա»  մրցանակը՝ հիմնվել

PanARMENIAN.Net - Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել:

100 LIVES նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի ազդեցությունը 3 ուղղությամբ.

-դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վեր հանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչև օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում,

-անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով հնարավորություն են տվել մարդկանց գոյատևելու և բարեկեցության հասնելու,

-կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր ունեցած համայնքներին և կազմակերպություններին։

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«Բազում հայերի կյանքեր փրկած մարդկանց գթասրտությունը, մեծահոգությունը, կամքն ու անձնազոհությունը մեզ պարտավորեցնում են բարձրաձայնել այդ պատմությունների մասին: Ժամանակն է լույս սփռել բացառիկ ճակատագրերի և կենսագրությունների վրա, ընդունել նրանց պատգամները և մեր երախտագիտությունը հայտնել արվածի համար»,- նշել է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

100 LIVES նախաձեռնությամբ սահմանվել է նաև «Ավրորա» մրցանակը, որըենթադրում է նաև $1 մլն-ի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

2016-ի ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա»-ն:

«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ դրա և իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության թողած ազդեցության վրա և փորձում միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչև օրս ցեղասպանություններ են տեղի ունենում: Մենք, իբրև անհատներ, խմբեր և կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- նշել է Քլունին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է: Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա ամիսներին:

«Ես Ցեղասպանության թողած ավերածության ականատեսն եմ, ինչը ցավալիորեն շարունակվում է մինչ օրս: Բայց քաջածանոթ եմ նաև մարդկային ոգու տոկունությանը:՞ Մեծարելով հանդերձ՝ մենք պետք է նաև միշտ հիշենք այն անձնազոհ մարդկանց ջանքերը, ովքեր մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- ասել է Էլի Ուիզելը։

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսն էր։

«Տոկունություն, կորով, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք #BeArmenian #BeAlive («եղիր հայ, եղիր կենսունակ») գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև բոլորի համար»,- նշել է Նուբար Աֆեյանը:

Իբրև նշված նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս, 100 LIVES-ը նպատակ ունի թվայնացնել Հայոց ցեղասպանության արխիվային նյութերը։ Հիմնադիրները հուսով են, որ այս հիմնարար ձեռնարկումը կօգնի վտանգից զերծ պահել և հավերժացնել պատմական անգնահատելի արխիվը՝ թույլ տալով բոլորին ծանոթանալ դրա բովանդակությանը։

«Այսօր Հայոց ցեղասպանությունը վերապրողներից արդեն քչերն են մեզ հետ։ Անչափ կարևոր է, որ հարյուրամյակին ընդառաջ մենք այս հնարավորությունն օգտագործենք մեկ դար առաջ տեղի ունեցածն աշխարհում մարդկության գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրելու համար»,- ընդգծել է Վարդան Գրեգորյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---