Հայ ըմբիշներն ու թաեքվանդոիստները հրաժարվում են մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին

Հայ ըմբիշներն ու թաեքվանդոիստները հրաժարվում են մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին

PanARMENIAN.Net - Թաեքվանդոյի և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիաները հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:

«Հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Հայաստաի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, թաեքվանդոյի ֆեդերացիան աննպատակահարմար է համարում մասնակցությունը խաղերին»,- ասվում է մարտի 11-ին տարածած հայտարարության մեջ:

«Որոշվեց, որ մեր մարզիկների մասնակցությունն այդ խաղերին անիմաստ է ու աննպատակահարմար»,-հայտարարել է իր հերթին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Լավ նորություն է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կողջունի այս որոշումը»:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ, հայտնում է Ինտերֆաքսը:

Նախարարի կարծիքով, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել՝ հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ:

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Քվեարկությամբ որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու հունիսին կայանալիք խաղերին, նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում:

Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունը հայ մարզիկների համար ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախագահ Սարգսյանին հավաստիացրել էր, որ թե ՄՕԿ-ը, թե Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ջանքեր կգործադրի, որ հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել էր, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքն ու անվտանգության ապահովման դեպքում մեր երկրի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու:

Նոյեմբերի 5-ին ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին նաև անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը:

2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում կայացած Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց հավակնորդների մրցաշարին մասնակցելուց և Իլյումժինովին նամակ հղեց, որտեղ պատճառաբանեց իր որոշումը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարվածությամբ և այն հանգամանքով, որ ընդունող կողմը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը համաձայնվեց մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2015-ին Ադրբեջանի մայրաքաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---