Ինչպե՞ս կկոչվի ԵՏՄ միասնական արժույթը՝ ալտի՞ն թե եվրազ

Ինչպե՞ս կկոչվի ԵՏՄ միասնական արժույթը՝ ալտի՞ն թե եվրազ

PanARMENIAN.Net - ԵՏՄ միասնական արժույթը, որի ներմուծման նպատակահարմարությունը կարգադրել է ուսումնասիրել ՌԴ նախագահը, միությունն ավելի կայուն ու տնտեսապես գրավիչ կդարձնի, ասում են փորձագետները, սակայն խորհուրդ են տալիս դեռևս շեշտը չդնել այդ գործընթացի վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը:

Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ:

ԵՏՄ ԿԲ-ն, որը վարելու է միասնական մոնետար քաղաքականություն, տեղակայվելու է Ալմաթիում: «Միայն թե դա չի լինի Եվրոպական ԿԲ նմանակը: Հավանաբար, որոշումները կընդունվեն միաձայն անդամ երկրների ազգային բանկերի ղեկավարների կամ վարչապետների մասնակցությամբ»,-ասել է Ռազուվաևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ենթադրվում է, որ միասնական արժույթը նման կլինի ռուսական ռուբլուն և կապահովվի Ռուսաստանի և Ղազախստանի հումքային արտահանմամբ: Շրջանառության պոտենցիալ շուկան մոտ 180 մլն մարդ է, ՀՆԱ հանրագումարը՝ մոտ 2 տրլն դոլար:

Մի կողմից ԵՏՄ միասնական արժույթի ներմուծումը տրամաբանական քայլ է տնտեսական համակարգման շրջանակում, նշում են փորձագետները:

«Արժութային միությունը մոնետար ինտեգրման վերջին աստիճանն է»,-ասում է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

Արժութային միության ստեղծումը դրական կարող է ազդել ԵՏՄ ընդհանուր շուկայի զարգացման վրա ինչպես անդամ պետությունների արժույթների տատանումներից խուսափելու, այնպես էլ ներքին հաշվարկների պարզեցման տեսակետից, ՌԻԱ Նովոստիին է ասել է Միջազգային առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սալմատովը:

Ըստ Վինոկուրովի, ԵՏՄ անդամ երկրների արժույթները փաստացի մեծ կախվածություն ունեն ռուսական ռուբլուց. «Ըստ իս, դա ևս մի առիթ է ինտեգրման հարցը քննարկելու համար: Եթե արժույթների փոխարժեքներն այսպես թե այնպես կրում են ռուբլու ազդեցությունը, ապա ավելի լավ կլինի այդ մեխանիզմը դարձնել թափանցիկ ու կարգավորվող»:

Չի կարելի ուղղակի վերցնել ու միասնական արժույթ ներմուծել: «Անհրաժեշտ է կարգաբերման բավականին երկար ժամանակ: Այն ենթադրում է արժութային և մոնետար քաղաքականության համակարգում, ազգային արժույթների փոխարժեքների շաղկապում»,-ասել է Վինոկուրովը:

Մոնետար միության հաջող գործակցության կարևոր պայման է ֆիսկալ համակարգումը հարկային ոլորտում: Միայն դրանից հետո հնարավոր կլինի միասնական արժույթի ներմուծումն ու միասնական էմիսիոն կենտրոնի ստեղծումը, ասել է փորձագետը:

ԵՏՄ ինտեգրման ու մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան արդեն զգուշացրել է անդամ երկրներին ավելորդ շտապողականությունից խուսափելու մասին: Նա հայտարարել է, որ սկզբից պետք է միասնական շուկա ստեղծել, իսկ հետո նոր խոսել միասնական արժույթի հնարավորության մասին: «Սակայն դրամային քաղաքականությունը համակարգել պետք է»,-ասել է նա:

Կառավարությունն ու ԿԲ-ն կորոշեն ԵՏՄ արժութային միության նպատակահարմարությունը: Հարցն այն է, թե որքան ժամանակ դա կպահանջի: Ոմանք կարծում են, որ բարեփոխումը հնարավոր կլինի 2 տարում անցկացնել, մյուսները գտնում են, որ իրատեսական է 10 տարին:

«Ըստ իս, նոր արժույթը կարող է ներմուծվել արդեն 2016-ի հունվարի 1-ից: Քաղաքականությունն է որոշում տնտեսությունը»,-ասել է Ռազուվաևը: «Արժույթը կարելի է ներմուծել ընդամենը 2 տարուց»,-հակադարձել է Գայդարի ինստիտուտի միջազգային լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կնոբելը: Սակայն, դրա համար հարկավոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵՏՄ անդամների քաղաքական կամքը:

«Սեփական արժույթի կորուստն ինքնիշխանության մի մասի կորուստ է, հազիվ թե մասնակիցները պատրաստ են դրան,-պարզաբանել է նա:-ԵՏՄ-ն շատ ավելի քիչ է պատրաստ միասնական արժույթի ներմուծմանը, քան ժամանակին ԵՄ-ն՝ եվրոյին»: Ըստ Կնոբելի, պատրաստվելու համար «տասնամյակներ են պետք»:

Նույնիսկ ԵՄ-ում գործընթացը մոտ 25 տարի պահանջեց: Սկզբում այսպես կոչված «արժութային օձի», հետո Եվրոպական արժութային համակարգի փոխարժեքների մեխանիզմի և, վերջապես, արժութային միության ձևաչափով, հավելել է Վինոկուրովը:

ԵՏՄ անդամ երկրների վարչակազմերի ներկայացուցիչները հրապարակման պահին հարցմանը չեն պատասխանել: Սակայն միասնական արժույթի գաղափարին կողմ էր Ղազախստանը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, հակառակը, հայտարարել էր, թե իր ղեկավարման օրոք միասնական արժույթ չի լինի:

«Ռուսաստանի տնտեսությունը շատ ավելի մեծ է, քան Բելառուսինն ու Ղազախստանինը: ՌԴ և Ղազախստանի տնտեսությունների կառուցվածքը շատ մոտ է»,-ասել է Ռազուվաևը: Ուստի Բելառուսի համար միավորման գործընթացը կարող է ավելի ցավոտ լինել, սակայն այստեղ ևս կարելի է փոխզիջում գտնել: «Հարցը կարելի է լուծել Բելառուսին վարկավորման լիմիտ տրամադրելով Եվրասիական ԿԲ-ում»,-ասել է փորձագետը:

Համաձայնեցված մոնետար ու ֆիսկալ քաղաքականությունը ԵՏՄ շրջանակում կամ արժութային, մոնետարային միության ստեղծումը կարող են հանգեցնել ԵՏՄ-ում արժութային ռիսկերի վերացմանը, հետևաբար, նաև փոխադարձ առևտրի ու ներդրումների կորուստների նվազեցմանը:

Եթե դառնանք ԵՄ փորձին, ապա Եվրոպայի երկրների կախվածությունը դոլարային հաշվարկներից նույնպես նվազել է: Դա հանգեցրեց երկրների միջև ռիսկերի նվազմանը, եվրոպական ֆինանսական շուկայի խորացմանը և փոխադարձ առևտրի ինտենսիֆիկացմանը, հավելել է Վինոկուրովը:

Ռազուվաևը համարում է նաև, որ հարցն ավելի շուտ էր պետք բարձրացնել: Ըստ նրա, «արժեզրկումը խարխլեց վստահությունը ռուբլու, ռուսական բաժնետոմսերի ու պարտատոմսերի հանդեպ»: Նոր արժույթին տարիներ կպահանջվեն ռուսական ռուբլու բացասական ժառանգությունից ազատվելու համար: Եթե որոշումներն ավելի արագ կայացվեին, նոր արժույթը ավելի կայուն կլիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---