Լարսում ՀՀ-ից բեռների համար «կանաչ ուղի» կբացվի՝ արտահանումն արագացնելու համար

Լարսում ՀՀ-ից բեռների համար «կանաչ ուղի» կբացվի՝ արտահանումն արագացնելու համար

PanARMENIAN.Net - Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղևորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան, ասել է ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, գրում է Tert.am-ը:

Մեկ ամսվա ընթացքում հայկական և ռուսական կողմերի կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը: «Որպեսզի հնարավորինս այդ պրոցեսն արագացվի, որպեսզի ԵԱՏՄ-ին միանալուց հետո ապահովվի ավելի ազատ և հեշտ ներթափանցումը շուկաներ», - ասել է նա։

Սուրեն Կարայանը նաև հավելել է, որ ռուսական կողմի և Էկոնոմիկայի նախարարության և մաքսային, հարկային և էներգետիկայի նախարարության մեր ներկայացուցիչների հետ նավթամթերքների արտահանմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«2013-ի դեկտեմբերի Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց երկկողմանի համաձայնագիր, որը վերաբերում էր նավթամթերքներին և չմշակված ադամանդի հումքին, որ այդ ապրանքների գծով արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվելու: Սակայն կար խնդիր, մասնավորապես նավթամթերքների որոշ խմբերի մասով, որ օգտագործվում է «Ռուսալ Արմենալի» կողմից որպես հումք, և խնդիր է բարձրացվել այդ կազմակերպության կողմից, որ ռուսական կողմը չի տրամադրում այդ հումքը, հեղուկ նավթային պարաֆինը` առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի»:

Նրա տեղեկացմամբ` հարցը ևս բարձրացվել է և ՌԴ էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունների հետ համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շատ ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում այդ ապրանքատեսակը Հայաստան կառաքվի առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի:

Սուրեն Կարայանն անդրադարձել է նաև շաքարավազի և հացահատիկի ներկման հետ կապված հնարավոր բարդություններին՝ նշելով, որ որևիցե խնդիր չկա. «Հարցը ներառված է այն բացառությունների ցանկում, որոնց մասով առաջիկայում մաքսատուրքի դրույքաչափի փոփոխություններ տեղի չեն ունենալու»։

Ցորենի ներկրման հետ կապված խնդիրների մասով, հաշվի առնելով այն, որ 2015-ի հունվարի 1-ից ՌԴ-ն սկսել է ցորենի արտահանման համար կիրառել մաքսատուրքեր, Սուրեն Կարայանը նշել է՝ մի շարք խնդիրներ էին ի հայտեկել, և դրանցից առաջինն այն է, որ Ռուսաստանից դեպի Հայաստան եկող ցորենի նկատմամբ ռուսական կողմը փորձում էր պահել արտահանման մաքսատուրքին համարժեք գումար՝ որպես ապահովագրություն, որպեսզի այդ ցորենը հասնի Հայաստան, և նոր այդ գումարները կվերադարձվեն արտահանող կազմակերպությանը:

Կարայանը մանրամասնել է նաև, որ Մոսկվա վերջին այցի ընթացքում ՌԴ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Լիխաչևովի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև այս հարցը, ներկայացվել, թե այն մեր շուկայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել, և ի վերջո խնդիրը կարգավորվել է:մ Այսինքն՝ Հայաստան արտահանվող ցորենի համար այլևս չի պահանջվի արտահանող ապրանքի մաքսատուրքին համարժեք գումարների սառեցում:

Լարսի անցակետում եղանակային և տեխնիկական պատճառներով հայկական բեռնատարները պարբերաբար օրերով սպասում են սահմանը հատելու իրենց հերթին: Իրավիճակը սրվում է հատկապես գյուղմթերքի արտահանման շրջանում: Խնդրին հետևում և անդրադառնում են նաև միջազգային լրատվամիջոցները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---