Genealogy-ի «Մի ժխտիր»-ի պրեմիերան կայացավ․ Խմբի 6-րդ մասնակիցն Ինգա Արշակյանն է (վիդեո)

Genealogy-ի «Մի ժխտիր»-ի պրեմիերան կայացավ․ Խմբի 6-րդ մասնակիցն Ինգա Արշակյանն է

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հանրայինի ուղիղ եթերում կայացավ «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Մի ժխտիր» (Don't Deny) երգի պրեմիերան։ Բացի այդ, հայտնի դարձավ, որ խմբի 6-րդ մասնակիցը Հայաստանի Ինգա Արշակյանն է։

Օրերս «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի, Genealogy գաղափարի, Don’t deny երգի և տեսահոլովակի մասին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա նշանաբանը ոգեշնչեց ստեղծել Genealogy-ն:

6 մասնակցին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունում հայի գեն է, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմություն: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել էր՝ բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված և ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս և մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր:Սկզբնական ցուցակում մոտ 30 թեկնածու կար, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունն ընտրություն կատարեց՝ հաշվի առնելով կենդանի երգելու կարողությունները, ոճային և ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները։

Եվրոպա աշխարհամասից Եսայի Ալթունյանն ընտրվել է Հայաստանում ունեցած որոշ հայտնիության արդյունքում. մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երևանին նվիրված տեսահոլովակ: Ասիա աշխարհամասից Ստեֆանի Թոփալյանը բացահայտում էր՝ Հայաստանում ոչ ոք երբևէ չէր լսել նրա մասին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, Թամար Կապրելյաը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին «Եվրատեսիլ»-ում նրա թակնածության օգտին:

Աֆրիկայում հայերը հիմնականում Եթովպիայում և Եգիպտոսում են: Վահե Թիլբյանն ընտրվել է, որովհետև կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաև մեծ հայրենասեր է և էնտուզիաստ:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմն ընտրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքը. այն ամենից համահունչն էր 6 երգչի, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և ցանկալի տրամադրության համար:

Մասնակիցները կարճ ժամանակով այցելել են Հայաստան, ձայնագրել երգը, նկարահանվել տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---