«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է».Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է».Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է», ասում էր Եղիշե Չարենցը: Մարտի 13-ը բանաստեղծի և արձակագրիծննդյան օրն է, որը ծնվել է 1897-ին Կարսում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908-ին ընդունվել է Կարսի վարժարան, 1914-ին լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավոր միանում է Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատել շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

Նրա անձի, ստեղծագործությունների շուրջ բազմաթիվ մութ կետեր, առեղծվածներ կան, հետևաբար անհրաժեշտություն՝ հրատարակել չարենցյան հստակ ժողովածու՝ հասարակության լայն շերտի համար, այսօր՝ մարտի 13-ին ասուլիսում ասել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, գրում է Tert.am-ը:

«Անկախության շրջանում Չարենցի տպագրված գրքերը կարելի է մատների վրա հաշվել»,- նկատել է գրականահետը և ավելացրել, որ չարենցագիտությունը փաստերը ճշգրտելու կարիք ունի: Հիմա Չարենցը թերի ներկայացվում, իսկ երբ ամբողջական կարդանք գրողին, նրա ոչ մի արարք տարօրինակ չի համարվի:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն իր հերթին նշել է, որ անմխիթար վիճակում է Ռուսաստանում գտնվող Չարենցի հայրական տունը, հանձնված է մասնավոր հատվածին և խնդիրը պետական մակարդակով բարձրացնելու կարիք կա:

«Առանձնապես մեծ պահանջներ ես չունեմ Չարենց ընկալողներից, թող յուրաքանչյուր մարդ իր ընկալումների սահմաններում ընկալի Չարենցին: Չէի ցանկանա մեկին պարտադրել, ստիպել, որ կարդա Չարենց, մարդիկ իրենք պետք է այդ պահանջը զգան»,- ասել է Հովիկ Չարխչյանը:

Արքմենիկ Նիկողոսյանը չի համաձայնել, ճիշտ հակառակը՝ կպարտադրեր կարդալ Չարենց, ու հատկապես կցանկանար, որ պատկան մարմինների ներկայացուցիչները կարդային Չարենցի «Գիրք ճանապարհին», որպեսզի իմանան, թե ինչպես պետք է կառուցել պետությունը:

1915-ին Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու: 1919-ին վերադառնում է Երևան և դասավանդում դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921-ին Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927-ին մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931-ին նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է պարգևում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935-ին ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936-ի հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ընտանիքի հանդեպ ճնշումները:

Որոշ ժամանակ անց բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937-ի նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---