18 մարտի 2015 - 11:42 AMT
ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Մարտի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դևիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը և մյուս կոնգրեսականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները բանաձև կներկայացնեն Հայոց ցեղասպանության իրողության ու արդարության մասին:

ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչերի մշակած բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագհայ Բարաք Օբամային ջանքեր գործադրել ազնիվ, կառուցողական և ամուր հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման վրա, գրում է Armenia Today-ը:

ԱՄՆ արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով իրադարձությունները ցեղասպանություն անվանելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: 1915-1923 թվականներին երկու միլիոն քրիստոնյա հայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, որից 1.5 մլնը համակարգված կոտորվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ` հայերի 5000-ամյա ներկայությունը իրենց պատմական հայրենիքից արդյունավետ վերացնելով:

Էթնիկ զանգվածային ոչնչացման այս արշավը, որը չշրջանցեց նաև Թուրքիայում բնակվող քրիստոնյա հույներին ու ասորիներին, ժամանակակից պատմության առաջին փաստագրված ցեղասպանությունն է, որի ժամանակ մարդկանց խաչել են, չարչարանքների ենթարկել կանանց և երեխաներին, սեռական ստրկության վաճառել, տարհանել, զանգվածային մահապատիժներ իրականացրել, հարկադիր աշխատանքի ու ստիպել սովամահ լինել: Նույնը եղել է նաև Հոլոքոստի ժամանակ: Այդ ցեղասպան արշավը ընդգրկում էր նաև հայերի ու հայկական եկեղեցու ունեցվածքների բռնագրավումը:

Հայոց ցեղասպանությունը բացահայտված պատմություն է: Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան բազմիցս և միաձայն այդ դեպքերը ցեղասպանություն է անվանել: 1918 թվականին Թեոդոր Ռուզվելտը Հայոց ցեղասպանությունը որակեց «պատերազմի մեծագույն հանցագործություն»: 1939 թվականին Ադոլֆ Հիտլերը Հոլոքոտն արդարացնելու համար ասաց. «Ո՞վ է այս ամենից հետո այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: «Ցեղասպանության» բառի հեղինակ, Հոլոքոստը վերապրած իրավաբան Ռաֆայել Լեմկինն ասել է, որ նա բառը ստեղծեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` հրեաների էթնիկ զտումները բնութագրելու համար:

Չնայած այս վճռական ապացույցներին` թուրքական կառավարությունը ժխտում է իր անցյալը. այն քրեականացրել է սեփական քաղաքացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները և հզոր լոբբիստական կոալիցիա հիմնել ԱՄՆ-ում, որի անդամները քաղաքական ազդեցությունն օգտագործում են ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը ժխտելու և այդ հանցագործության միջազգային ճանաչումը կանխելու համար:

Մենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ ենք անում կանգնել Թուրքիայի սպառնալիքների և քաղաքական ճնշումների դեմ ու աջակցել պատմական արդարությանը: Միացեք ևս 20 պետությունների` այդ թվում ՆԱՏՕ-ում ձեր 11 դաշնակիցներին, Վատիկանին, ԱՄՆ-ի 43 նահանգներին, և նախկին մի քանի նախագահներին, այդ թվում Ռոնալդ Ռեյգանին` 1915 թվականին դեպքերը փաստացի որպես ցեղասպանություն ճանաչելու համար:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: