ՎիվաՍել-ՄՏՍ-ը 1,9 մլրդ դրամ է հատկացրել 2015-ի ծրագրերի իրագործման համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 1,9 մլրդ դրամ է հատկացրել 2015-ի ծրագրերի իրագործման համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի իր գլխավոր ձեռքբերումները և ներկայացրել 2015թ.-ի ծրագրերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մարտահրավերներով լի հերթական տարվա՝ 2014 թ.-ի ընթացքում, ընկերությունը կարողացել է պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը և գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները՝ մի շարք կարևոր ուղղություններով: 2014թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ընկերությունն ունի 2,14 միլիոն բաժանորդ և շուկայի 60,5 % մասնաբաժինը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2014թ.-ի տարեվերջի տվյալներով` բջջային հեռախոսից ինտերնետ մուտք գործողների թիվը հասել է ավելի քան 1 միլիոնի՝ շոշափելի առավելություն ապահովելով շուկայի այս հատվածում: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (այդ թվում՝ անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 82,7 հազար: 2014 թ.-ին ընկերությունն իրագործել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Այս հատվածում 2014թ. եկամուտը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի համապատասխան ցուցանիշը գերազանցելով 38,7 %-ով:

2014թ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 77,6 միլիարդ դրամ (շուկայի ավելի քան 61.6%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ: Նախորդ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 12,6 միլիարդ դրամի ներդրում: Ընկերությունը 2015թ.-ին ևս կշարունակի ընդլայնել իր ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով այդ ոլորտում: 2014թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է ցանցի թողունակության ընդլայնման աշխատանքները՝ իր բաժանորդներին առավել նորարարական ծառայություններ առաջարկելու նպատակով: Ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել երկրի ամբողջ տարածքում՝ բջջային ցանցի ծածկույթը տեխնոլոգիապես էլ ավելի բարելավելու և թողունակությունն ավելացնելու նպատակով, ինչը հուսալի հարթակ է հանդիսանալու նոր ծառայությունների ներդման համար՝ հաշվի առնելով առաջիկա տարիների ընթացքում տվյալների փոխացման ծավալների և որակի ակնկալվող աճը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի չգերազանցված առաջատարն է շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով (1091 2G կայան, 1091 3G կայան և 250 4G կայան) և բջջային կապի ծածկույթով. 2G ցանցի ծածկույթը հասնում է 99.8%-ի, 2014 թ.-ին ընկերության ժամանակակից 3G/3.5G ցանցի ծածկույթը 97%-ից դարձել է 98%, իսկ 4G/LTE ցանցի ծածկույթը 36.6%-ից հասել է 45.7%-ի: Երևան, Ծաղկաձոր, Դիլիջան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից բացի՝ 4G/LTE ցանցի հասանելիություն է ապահովվել նաև Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում: Միայն 2014 թ.-ի ընթացքում տեղադրվել է 39-ը 2G, 39-ը 3G և 50 4G նոր բազային կայան:

2015թ.-ին նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնացնելու է ջանքերը 2G և 3.5G ցանցերի վերազինման և թողունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովելու է 4G/LTE ցանցի հասանելիություն` Հայաստանի այլ քաղաքներում:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել և ձևավորել է արժեհամակարգ, որն իր սահմանումն է ստացել ընկերության հիմնարար արժեքներում: Նորարարությունը, առաջատարությունը, ցանցի և հաճախորդների սպասարկման բարձր որակը, մատչելիությունը, հասարակության հանդեպ հարգանքը և հարատև զարգացումն առաջնային արժեքներ են ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար: «Հիմնարար արժեքները միավորում են մեզ, դարձնում ավելի զգոն, արդյունավետ, պատասխանատու, ավելի թափանցիկ և առավել մոտ մեր բաժանորդներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2014 թ.-ին ընկերությունը սոցիալական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում: Իրականացվել են երեխաներին վերաբերող ծրագրեր՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական երկարաժամկետ ծրագրերը, մշակութային և ազգային ինքնության պահպանումը, բարձրագույն կրթության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղական ենթակառուցվածքների զարգացումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերոնշյալ ոլորտների համար այս տարի ևս սահմանել է սոցիալական ներդրումների խոշորածավալ թիրախային ծրագրեր: 2005-2014 թթ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 22 միլիարդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Ընկերությունը 1,9 միլիարդ դրամ է հատկացրել 2015 թ.-ի ծրագրերի իրագործման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է իրականացրած կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ծավալով և դրանց ընգրկման աշխարհագրությամբ:

«Մենք հավատում ենք Հայաստանի առավել լավ ապագային. այս նշանաբանն արտացոլում է մեր պարտավորվածությունը հասարակության և շրջակա միջավայրի նկատմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է երկարաժամկետ մարտահրավերները՝ Հայաստանի բնակչության համար նախաձեռնելով և իրականացնելով կենսական նշանակության ծրագրեր», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

28,891,812,140 (մոտ 28,9 միլիարդ) դրամով ընկերությունը երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների 2014 թ.-ի ցուցակում: Ընդհանուր առմամբ՝ 2005 թ.-ից սկսած, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մուտք է գործել հեռահաղորդակցության շուկա, ընկերությունը 185,937,423,240 (մոտ 186 միլիարդ) դրամի չափով հարկ է վճարել պետական բյուջե:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---