Եվրաինտեգրման վարկանիշ. Երևանը ԵՄ ծրագրերի ամենաակտիվ մասնակիցն է

Եվրաինտեգրման վարկանիշ. Երևանը ԵՄ ծրագրերի ամենաակտիվ մասնակիցն է

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հրապարակել է Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող երկրների եվրաինտեգրման վարկանիշը 2014-ի համար: Հայաստանի դիրքերը նույնն են մնացել՝ 6 երկրների թվում նա զբաղեցնում է չորրոդ տեղն առաջ անցնելով միայն Ադրբեջանից ու Բելառուսից, որոնք ամենավատ ցուցանիշներն ունեն:

Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արեւելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր: Մասնակցում է հետխորհրդային 6 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան ու Ուկրաինան: Նրանք հանձնառություն են ստանձնել հետևել ԵՄ չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում:

Զեկույցի հեղինակներն այս երկրները բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, որոնք ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և չեն թաքցնում Եվրոպային որքան հնարավոր է շատ մերձենալու ձգտումը: Երկրորդ խմբում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք բոլոր ուղղություններով երկխոսության մեջ են ու գործակցում են ԵՄ հետ, սակայն չունեն հստակ եվրոպական մղումներ և չեն ցանկանում խորացնել հարաբերությունները ԵՄ հետ:

Մոլդովան գերազանցում է բոլոր երկրներին մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կայացման, ժողովրդավարացման ոլորտներում:

«ԵՄ հետ հարաբերությունները խորացնելուց հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի որոշումը կայացվել է Մոսկվայի ճնշման ազդեցությամբ, իսկ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունը թույլ չի տալիս անդամ երկրներին ազատ առևտրի մասին համաձայնագիրր կնքել ԵՄ անդամ երկրների հետ»,-ասվում է զեկույցում:

Այնուամենայնիվ զեկույցի հեղինակները որոշակի առաջընթաց են գրանցել Հայաստանի մի շարք ոլորտներում: Աննշան հաջողություններ են գրանցվել ԵՄ չափանիշներին օրենսդրական և պետական համակարգերը համապատասխանեցնելու գործում, սակայն, ասվում է նաև, որ նախկինի պես խնդրահարույց է մնում մամուլի ու հավաքների ազատության հարցը Հայաստանում:

Ըստ զեկույցի, հետընթացը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ-ին միանալու որոշմամբ: Միևնույն ժամանակ, ասվում է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության վեց անդամ երկրներից ամենաակտիվն է ԵՄ առաջարկած ծրագրերում, բացառությամբ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտների, որոնց Հայաստանը գոծնականում չի մասնակցում, հայտնում է Armenia Today-ը:

ԵՄ-ն կշարունակի «ավելին՝ ավելինի դիմաց» մոտեցումը, ավելի մեծ քաղաքական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով այն երկրներին, որոնք առավել ակտիվ կշարունակեն բարեփոխումները, ասվում է զեկույցում:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---