19 մարտի 2015 - 15:34 AMT
Միջադեպ Բեյրութում. Հայ 2 երիտասարդ վիրավոր է, Թուրքիայի դեսպանատան 2 աշխատակից՝ ձերբակալված

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մարտի 18-ին բախում է տեղի ունեցել հայ երիտասարդների և թուրքական դեսպանատան աշխատակիցների միջև, գրում է «Ազդակ»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ ՀՅԴ երիտասարդների 60 հոգանոց խումբը՝ Լիբանանի երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միություններից, հավաքվել են կինոդահլիճի մոտ, որտեղ կայանալու էր Գալիպոլիի ճակատամարտի մասին «Վերջին նամակը» թուրքերեն ֆիլմի ցուցադրությունը. նախաձեռնողը եղել է Թուրքիայի դեսպանատունը:

Հայ երիտասարդներն անգլերենով և արաբերենով պաստառներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող լուսանկարներ են պարզել, պատ կազմել դահլիճի մոտ ու թռուցիկներ բաժանել:

Այս քայլը, սակայն, զայրացրել է թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցներին և թուրք համակիրներին, ու նրանք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է, մինչև Լիբանանի ներքին անվտանգության ուժերը միջամտել ու բաժանել են կողմերին:

Դեպքի հետևանքով վիրավորվել է 2 հայ երիտասարդ: Երկու թուրք ձերբակալվել է:

Թուրքական կողմն սկսել է բղավել՝ «Էրդողա՛ն, Էրդողա՛ն», որոնց հայկական կողմը պատասխանել է՝ «ցեղասպա՛ն, ցեղասպա՛ն» բացականչելով: Դաշնակցական ցուցարարները շարունակել են իրենց անգլերեն կանչերը` գոռալով «Հիշո՛ւմ ենք ու պահանջո՛ւմ», «Ոճրագո՛րծ Թուրքիա» և այլ կարգախոսներ, որոնց հաջորդել են հեղափոխական երգերի կատարումները:

Ավելի քան երկու ժամ տևած ակցիայի ընթացքում թուրք դեսպանը փակված է մնացել կինոթատրոնի շենքում՝ սպասելով, որ հայերն ավարտեն ցույցն ու ինքը հեռանալու հնարավորություն ունենա:

Միջադեպի ժամանակ վնասված երիտասարդները դիմել են դատարան: