Չինաստանը ՀՀ-ին մոտ $25.3 մլն վարկ կտրամադրի

Չինաստանը ՀՀ-ին մոտ $25.3 մլն վարկ կտրամադրի

PanARMENIAN.Net - Գործադիրն այսօր՝ մարտի 19-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև 2015-2018թթ. ՉԺՀ կողմից ՀՀ-ին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր:

Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ: Հաջորդ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին:

Նիստում հավանություն է ստացել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999 թվականից ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում ՀՀ կառավարությանը: Այս անգամ ցուցաբերվելու է 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով: Ավելի քան 10 տարի է, ինչ ֆինանսական համագործակցության համաձայնագիր է կնքվում ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև: Հերթական փաստաթղթի ստորագրմամբ ՀՀ կառավարությունը Վերականգնման վարկերի բանկից ֆինանսական օժանդակություն կստանա մի շարք ծրագրերի իրականացման համար:

Մարտի 10-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը և բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ժամանակ երկկողմ գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից և վստահություն, որ առաջիկայում ևս հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ու ժողովուրդների: Կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առևտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---