Ղարաբաղում վիրավորված երկու զինծառայողին տեղափոխում են Երևան

Ղարաբաղում վիրավորված երկու զինծառայողին տեղափոխում են Երևան

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ՝ Էդգար Մարտիրոսյանը և Սարգիս Գրիգորյանը այս պահին Արցախից տեղափոխվում են Երևան Զինվորական կենտրոնական հոսպիտալ: Այդ մասին տեղեկացրել է զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Նրանց վիճակը ծանր է գնահատվում», -ասել է Ասատուրյանը՝ նշելով, որ զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուս զինծառայողի մոտ ազդրերի անդամահատում է եղել:

Ասատուրյանի խոսքով, վիրավորված մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք մնում են Արցախում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։.

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա, մարտի 19-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները», - ասել է նա՝

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---