Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ միշտ են լինում՝ հակառակորդի ոճն է

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ միշտ են լինում՝ հակառակորդի ոճն է

PanARMENIAN.Net - Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, որևէ արտառոց բան չի եղել, հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Կրակոցներ միշտ լինում են, դա հակառակորդի ոճն է, բայց բարեբախտաբար, որևէ այլ բան տեղի չի ունեցել»,-ասել է Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը, գրել է Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մինչ կողմերն իրար են մեղադրում, այդ գործողությունները վնասում են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը»,-ասվում է գրառման մեջ:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա, մարտի 19-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---