Ըստ Պուտինի հաշվարկների, 2015-ին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն կնվազի 1,4 տոկոսով

Ըստ Պուտինի հաշվարկների, 2015-ին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն կնվազի 1,4 տոկոսով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանխատեսում է մինչև տարեվերջ ԱՊՀ երկրների ՀՆԱ նվազում 1,4 տոկոսով: Այդ մասին նա հայտարարել է Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտին:

«Իրավիճակը գլոբալ տնտեսության մեջ անկայուն է մնում. ցածր գործարար ակտիվությունը, համաշխարհային տնտեսության լճացումը, հումքային շուկաների տատանողականությունը՝ այս ամենն ազդում է ԱՊՀ երկրների վրա»,-ասել է նա: «2014-ին որոշակի անկում է սպասվում՝ մոտ 1,4 տոկոս»,-հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը նշել է, որ «չնայած նավթի գների անկմանը, Ռուսաստանը նախորդ տարին փակեց թեկուզ փոքր, բայց ՀՆԱ աճով՝ 0,6 տոկոս: «Սակայն իրավիճակը մեր տնտեսության մեջ բարդ է, ուստի մենք պատրաստել ենք հակաճգնաժամային պլան, որն ուղղված է տնտեսական և սոցիալական ոլորտների աջակցությանը՝ մոտ 2,3 տրլն ռուբլի»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ինքը մանրամասն տեղեկացրել է գործընկերներին այդ մասին:

«Վստահ եմ, որ այդ միջոցների իրականացումը ժամանակի հետ թույլ կտա մեզ վերադառնալ կայուն և որակյալ աճի»,-հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև առաջարկում է խոսել Բելառուսի և Ղազախստանի հետ արժութային միության ստեղծման մասին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Նշենք, որ հայկական կողմը հրավիրված չէր հանդիպմանը:

Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, հայկական կողմը չի մասնակցում Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների նախագահների հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։

«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք ԵՏՄ անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ»,-ասել է նա:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---