ԱՆ. Սուր շնչառական վարակների բռնկում կա՝ հիվանդների թիվը 1.5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը

ԱՆ. Սուր շնչառական վարակների բռնկում կա՝ հիվանդների թիվը 1.5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը

PanARMENIAN.Net - Սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը մեկուկես անգամ գերազանցում է համաճարակային շեմը և հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում, մարտի 21-ին ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել:

«Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ՝ ԿԳ նախարարության կողմից երկարացվեց գարնանային արձակուրդները: Համաճարակային վերլուծության արդյունքները ևս վկայում են, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսը պայմանավորված է 0-ից 18 տարեկան երեխաների շրջանում արձանագրված հիվանդներով»,- ասել է Լիանա Թորոսյանը, գրում է Tert.am-ը:

Նա ավելացրել է, որ փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանում արձանագրվել է գրեթե 5800 դեպք՝ 2014-ի նույն ժամանակաշրջանի՝ 5600-ի դեպքի դիմաց:

«Իսկ մարտի 1-ից 8-ն ընկած ժամանակաշրջանում արձանագրվել էր գրեթե 6000 և ավելի դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5000 և ավելի դեպքերի դիմաց»,- ասել է նա և նշել, որ արձակուրդները երկարեցնելու համար հաշվի է առնվել նաև տարածաշրջանի համաճարակային վիճակը՝ կապված սուր շնչառական հիվանդությունների հետ, և մասնավորապես Ռուսաստանում վիճակն ավելի բարդ և լարված է:

«Ներկայում հանրապետությունում բուժվում են գրեթե 570-ի կարգի սուր շնչառական վարակներով հիվանդներ և գրեթե դրանց 100 տոկոսը բաժին են ընկնում 0-ից 18 տարեկան երեխաներին և դրանով է պայմանավորված մանկական հիվանդանոցներում հիվանդների դիմելիության աշխուժացումը»,- ասել է նա և ավելացրել, որ մահացության դեպք չի գրանցվել, ծանր հիվանդներ չկան, իսկ հոսպիտալներում թոքաբորբով 160 հիվանդ կա, որից 120-ն է մանկահասակ և մեծամասամբ բուժհիմնարկներ դիմելու ուշացած դեպքեր են:

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` ԿԳՆ-ն որոշում է ընդունել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:

Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա վերջ ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: Համապատասխան գրություններով պաշտոնապես տեղեկացվել են բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---