Հայ բռնցքամարտիկները չեն մեկնի Բաքու, եթե օլիմպիական կրակը վառի Սաֆարովը

Հայ բռնցքամարտիկները չեն մեկնի Բաքու, եթե օլիմպիական կրակը վառի Սաֆարովը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կարող է հրաժարվել Բաքու մեկնելու գաղափարից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Երևանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 22-ին ավարտված բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունից հետո ֆեդերացիայի նախագահը նշել է, որ հայ բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են և կարող են հաջող հանդես գալ ամռանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերում, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Դեռ վաղ է խոսել Բաքվի մասին: Ես առաջիններից եմ, ով պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հնարավոր է, որ մենք հրաժարվենք Խաղերին մասնակցելուց: Դեռ ժամանակ կա որոշում կայացնելու կամ որոշումից հրաժարվելու համար: Ադրբեջանն ունի ոչ մարզական գործելաոճ: Վերջին տվյալների համաձայն՝ Բաքվում Խաղերի կրակը պատրաստվում է գեներալի համազգեստով վառել Ռամիլ Սաֆարովը: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ եթե նրանք փոխեն իրենց մոտեցումները և դրանք լինեն զուտ մարզական, մենք կմեկնենք Բաքու և հաղթանակներ կունենանք այնտեղ»,- նշել է Արթուր Գևորգյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ մարտի 15-ին անցկացված 7-րդ համագումարում որոշվել էր մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այն ժամանակ ասաց, որ Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը:

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Քվեարկությամբ որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու հունիսին կայանալիք խաղերին, նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունը հայ մարզիկների համար ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախագահ Սարգսյանին հավաստիացրել էր, որ թե ՄՕԿ-ը, թե Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ջանքեր կգործադրի, որ հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել էր, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքն ու անվտանգության ապահովման դեպքում մեր երկրի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու:Նոյեմբերի 5-ին ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թաեքվանդոյի և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիաները հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: «Հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Հայաստաի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, թաեքվանդոյի ֆեդերացիան աննպատակահարմար է համարում մասնակցությունը խաղերին»,- ասվում է մարտի 11-ին տարածած հայտարարության մեջ:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին նաև անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը:

2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում կայացած Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց հավակնորդների մրցաշարին մասնակցելուց և Իլյումժինովին նամակ հղեց, որտեղ պատճառաբանեց իր որոշումը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարվածությամբ և այն հանգամանքով, որ ընդունող կողմը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը համաձայնվեց մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2015-ին Ադրբեջանի մայրաքաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---