Հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ՝ ԱԺ-ում

Հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ՝ ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այսօր՝ մարտի 23-ին, քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով:

Շարմազանովը նշել է, որ արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը, գրում է Tert.am-ը:

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- ասել է նա և ավելացրել, որ այս նախագիծը նոր չի մշակվել՝ սկիզբը դրվել է Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ:

Ներկայացնելով հիմնավորումները՝ Շարմազանովը նշել է, որ ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր. «Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև՝ թուրքական տարածքի: 1909թ-ից երիտթուրքերն աստիճանաբար սկսում են որդեգրել և անցում կատարել ոչ մահմեդական ժողովուրդների բռնի ձուլման և տարհանման քաղաքականությանը, որի մեկնարկը դրվեց 1909թ. Ադանայում հայ բնակչության կոտորածով»:

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---