13  24.03.15 - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց

Նաիրիտցիները նամակ են պատրաստում Կառավարության դեմ՝ ուղղված գլխավոր դատախազին

Նաիրիտցիները նամակ են պատրաստում Կառավարության դեմ՝ ուղղված գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր` մարտի 24-ին, վաղ առավոտից նախագահի նստավայրի մոտից երթով շարժվել են դեպի Ազգային ժողով։ «Պարտքի մարում» կոչով «Նաիրիտ»-ի ներկա ու նախկին աշխատողները պատգամավորներին հորդորել են դուրս գալ ու լսել իրենց պահանջները։ Նրանք նամակ էին պատրաստել ուղղված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Նամակը 2006-ից մինչև օրս շարունակվող յուրացումների մասին է, ասել է գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նաիրիտցիներին սատարելու ԱԺ ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ են իջել` լսելու նրանց, այդ թվում` ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ, որոնցից Արամ Մանուկյանը խորհուրդ է տվել ուժեղացնել բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումները, որպեսզի վերջիններիս աջակիցների թիվը շատանա:

Նրանց մոտ իջել է նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. մինչև այդ ցուցարարները վանկարկում էին` «Այվազյան, դուրս արի», «Այվազյան, արի, պատասխան տուր», գրում է Tert.am-ը:

Գործարանի մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողովի հիմնական խնդիրն է ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները «Նաիրիտ»-ը վերագործարկելու համա, ասել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Ինչ վերաբերում է նաիրիտցիների կուտակված աշխատավարձին, նա ավելացրել է, որ այդ հարցը բարձրացված է գործադրի առաջ, պարտադիր պետք է լուծվի, գրում է Panorama.am-ը:

Նաիրիտցիների հետ զրուցել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշել է, որ պետք է խնդրի երկարատև լուծում գտնել:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, գործարանում կան շատ սարքավորումներ, որոնք հնամաշ են ու կարելի է դրանք վաճառել, վճարել աշխատավարձը: Միաժամանակ նա նշեց. «Հավատում եմ, որ գործարանը կարող է վերագործարկվել, թեկուզ մինչև 10 հազար տոննա թողունակությամբ»: «Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ», - հանդիպումից հետո ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Որոշվել է, որ վաղը նաիրիտցիներն իրենց հուզող հարցերը գրավոր կներկայացնեն ԱԺ «Նաիրիտ»-ի հարցերով ենթահանձնաժողով: Ժամը 11:00-ին նաև հավաքվելու են գործարանի բակում:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---