Մահացել է մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինվորներից մեկը

Մահացել է մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինվորներից մեկը

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 26-ին, ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։

Երևանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինվորների վիճակը միջին ծանրության է, ասել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը, գրում է «Երկիր»-ը:

«Երկուսն էլ հիմա հետվիրահատական շրջանում են: Կարող եմ ասել` դեպի լավն են գնում»,- ասել է նա:

Ասատուրյանը տեղեկացրել է նաև, որ Մարտակերտի հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ նույնը` ծայրահեղ ծանր: Էդգար Մարտիրոսյանը որովայնի վիրավորում ուներ և վիրահատվել էր Մարտակերտի հոսպիտալում: Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողի վիճակը գնահատվել էր կայուն ծանր, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---