Բուլղարացի քաղաքապետը՝ թուրք հյուպատոսին. «Ճիշտ չեմ համարում, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»

Բուլղարացի քաղաքապետը՝ թուրք հյուպատոսին. «Ճիշտ չեմ համարում, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»

PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ է հանդես եկել Բուլղարիայի հարավում գտնվող Հասկովո քաղաքի զբոսայգին «Հայեր» կոչելու որոշմանը: Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Թուրքիայի սահմանից 80 կմ հեռավորությամբ գտնվող Հասկովո քաղաքի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ է զրուցել ու պնդել է անհապաղ հետ կանգնել այդ որոշումից, տեղեկացնում է Tert.am-ը թուրքական «Բուգյուն» կայքի վրա հղումով։

Բուլղարացի քաղաքապետը, սակայն, կոշտ արձագանք է տվել. «Ճիշտ չեմ համարում այն, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»: Նա նշել է, որ Հասկովոյում շատ հայեր կան, և անվանափոխություն իրականացնելու համար օտար պետություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն։

Հասկովոյի քաղաքային խորհուրդը հայերից ստացած առաջարկը մտադիր է քննարկել մարտի 27-ին:

2011թվականի տվյալներով՝ քաղաքում 338 հայ է բնակվում։

Բուլղարիայի պատմանկան տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են 5-րդ դարի. 2-րդ կեսից: Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, շատ հայեր, դեռևս միջնադարում, բուլղարական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ հայազգի զորավար Սամուիլ «Կոմսաձագը» թագավորել է արևմտյան Բուլղարիայում 997-1014 թվականներին:

Հայերը գործուն մասնակցություն են ունեցել նաև Բուլղարիայի ազատագրական, հասարակական-քաղաքական պայքարում: 1912-1913թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ մեծ թվով հայ կամավորներ Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ, մասնակցել են Թուրքիայի դեմ պատերազմին, արժանացել պարգևների: 1920-ականներին Բուլղարիայում ապրել են մոտ 50 հազար հայեր:

Ներկայումս բուլղարիահայ համայնքը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---