ՌԴ-ն ՀՀ-ին $47 մլն և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն կտրամադրի

ՌԴ-ն ՀՀ-ին $47 մլն և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն կտրամադրի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության գործընթացի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կկնքվի ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագիր: Դրանով ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն. որոշման նախագիծն ընդունվել է այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ կառավարության նիստում:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ դրամաշնորհային միջոցներ տրամադրելու հարցով: Ռուսական կողմին ներկայացվել էր նաև համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, վերապատրաստումների և ուսուցման մանրամասն նախահաշիվը, գրում է Panorama.am-ը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նշված վեց ուղղություններով միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ ապահովելով այդ ուղղություններով ՀՀ լիազոր և պատասխանատու մարմինների գործառույթների հստակ իրականացումը ԵՏՄ նորմերին և կանոնակարգերին համապատասխան:

Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի համաձայնագրին միանալու շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման ապահովման և եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում զարգացնել երկկողմ համագործակցություն վերը նշված վեց ոլորտներում:

«Այս նպատակով ռուսական կողմը նախատեսում է տրամադրել անհատույց օժանդակություն՝ ընդհանուր 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլի) և 130 մլն ռուբլու չափով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից: Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»,- նշված է հիմնավորման մեջ:

Համաձայնագրի իրականացման նկատմամբ հսկողության, կողմերի միջև փոխգործակցության ապահովման և կողմերի գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցության հաստատման նպատակով նախատեսվում է ստեղծել համատեղ հատուկ աշխատանքային խումբ:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից 2014-ի< մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---