Հոսպիտալի պետ. Վիրավորված զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ բավարար

Հոսպիտալի պետ. Վիրավորված զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ բավարար

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող՝ մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ Սարգիս Գաբրիելյանի և Էդգար Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարարին մոտ է, ասել է հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:

«Սարգիսն արդեն մի քանի օր է հիվանդասենյակում է, այսօր, հիվանդասենյակ կտեղափոխվի նաև Էդգարը»,- տեղեկացրել է Ասատուրյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նաև հայտնել է, որ նույն օրը վիրավորված Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Դալմանյան Գոռի վնասվածքը բավականին լուրջ է և վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Գոռին Երևան տեղափոխել դեռևս հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին դիվերսիայի հետևանքով մահացել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Եվս 4 զինծառայող վիրավորվել էին: Նրանցից Սամվել Հակոբյանն (1995թ.) նախօրեին մահացել է Ստեփանակերտի հոսպիտալում:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը , Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը , Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---