Հայաստանն ի թիվս այլ երկրների կոչ է արել ՄԱԿ-ին չմոռանալ Մեծ հայրենականի դասերը

Հայաստանն ի թիվս այլ երկրների կոչ է արել ՄԱԿ-ին չմոռանալ Մեծ հայրենականի դասերը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Բելառուսն ու Ռուսաստանը, Հայաստանի, Ադրբեջանի Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի աջակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնել է Բելառուսի մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ նշված է մայիսի 9-ի Հաղթանակի օրվա հատուկ խորհուրդը, որն այն ունի «նացիզմի ջախջախման մեջ վճռական դերակատարություն ունեցած և առավելագույն մարդկային ու նյութական կորուստները կրած երկրների ժողովրդների համար»: «Այսպիսով հարգանքի տուրք է մատուցվում մարտի դաշտում բոլոր զոհվածներին և նացիզմի բոլոր զոհերին»,-ասվում է փաստաթղթում:

Մարդու իրավունքների խորհրդի ուշադրությունն է հրավիրվում «պատերազմի դասերը մոռացության մատնելու, արդյունքների բարոյական ու իրավական գնահատականների խեղաթյուրման անթույլատրելիության վրա»:

«Նացիստական շարժման հերոսացումը, ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացումը հանգեցնում են անհանդուրժողականության, խտրականության, ծայրահեղականության ու ազգային, ռասայական և կրոնական հողի վրա ատելության տարածմանը: Այս սպառնալիքների հետ պետք է պայքարեն աշխարհի բոլոր երկրներն ու ժողովրդները՝ թույլ չտալու համար նոր ողբերգություններ ու պահպանելով խաղաղությունն ու անվտանգությունը գալիք սերունդների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանը մասնակցում է Հաղթանակի էստաֆետին: Հաղթանակի էստաֆետն անցկացվում է ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհդի որոշմամբ: Այն մեկնարկել է Բրեստում՝ հերոս-քաղաքի հուշահամալիրի մոտից:

Մայիսի 9-ին Հայաստանը կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիային: Նախագիծը նախաձեռնել է ՀԱՊԿ Համալսարանական լիգան, այն ուղղված է հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության աջակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների հետ Ռուսաստանի հոգևոր միասնության ու մշակութային և բարոյական արժեքների պահպանմանը:

Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---