Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչները պահանջում են դադարեցնել նոր պոչամբարի կառուցումը

Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչները պահանջում են դադարեցնել նոր պոչամբարի կառուցումը

PanARMENIAN.Net - Մեծ Այրումում արդեն տարիներ շարունակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարն անհանգստություն է պատճառում տեղի բնակիչներին, այդ թվում նաև առողջական լուրջ խնդիրներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «SOS Այրում» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

«Բնակիչների շրջանում շատացել է սրտխառնոցի, գլխացավի դեպքերը: Ոչ պաշտոնական տվյալներով, պատճառը օդի աղտոտվածությունն է: Պոչամբարը վնասում է համայնքի ջրային համակարգը: Պոչամբարը շահագործվում է առանց տարրական նորմերի պահպանման, ցանկապատ չի եղել, անասուններ են մտել այդ տարածք, արածել»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Դուրգարյանի խոսքով, չնայած այս դժգոհություններին, կառավարությունը դրական եզրակացություն է տվել Մեծ Այրում և Ճոճկան համայնքների 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիան փոխել, որպեսզի կառուցվի պոչամբար: Համայնքների բնակիչների 70 տոկոսից ավելին դժգոհություն են հայտնել այս որոշման դեմ, նամակ են պատրաստել, որն այսօր փոխանցվելու է կառավարությանը և պատկան այլ մարմինների: Նրանք պահանջում են դադարեցնել իրենց հողերում նոր պոչամբարի կառուցումը, մինչև նախկին պոչամբարի խնդիրը չլուծվի, բնակիչներին առողջապահական խնդիրների լուծման համար փոխհատուցում չնախատեսվի:

«Այս պահին Մեծ Այրումին սպառնում է մի նոր վտանգ, որը կարող է բերել համայնքի անապատացմանը»,- ասել է Դուրգարյանը:

Մարտի 24-ին և 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երևանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանն ասել է, որ պոչամբարի շրջակա տարածքում իրենց տեսած պատկերը ցույց է տալիս, որ տնտեսվարողը ծայրահեղ անպատասախատու է վերաբերում այդ շրջանի բնակիչներին:

«Մի քանի տարի անց այդ տարածքներում ապրել հնարավոր չի լինի: Կամ էլ կոմբինատը թող նման էկոհամակարգով նոր տարածքներ ձեռք բերի տվյալ շրջանի բնակիչների համար, կառուցի տներ, ապահովի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ մարդկանց տեղափոխի այդ նոր բնակավայր ու նոր ինչ ուզում է, անի: Ես դեմ չեմ որևէ արդյունաբերությանը նաև հանքարդյունաբերությանը: Ուղղակի պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով, որը որևէ մեկին վնաս չի տա կամ վնասները կհասցնի նվազագույնի»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկին հետազոտությունների արդյունքների համաձայն, 3,5-4 հեկտար դեղձի այգու բերքն պոչամբարի հետևանքով ամբողջությամբ աղտոտվել էր կապարով:

Մինասյանի խոսքով, խախտումների դեպքում տնտեսվարողների համար նախատեսված են տուգանքներ, սակայն դրանք քիչ են, նախընտրում են վճարել այդ տուգանքը ու շարունակել իրենց գործունեությունը:

Օլեգ Դուրգարյանն ասել է, որ նոր պոչամբարի կառուցման նախագիծ դեռևս գոյություն չունի, Ճոճկան և Մեծ Այրումի ղեկավարներին հանձնարարվել էր փոխել հողի կատեգորիան՝ գյուղատնտեսականից՝ արդյունաբերական, որպեսզի սկսվեն ուսումնասիրություններն այդ տարածքում պոչամբար կառուցելու համար:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել նոր պոչամբար Մեծ Այրումի 12.10684 հա և Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողերի վրա: Ընդ որում, կոմբինատը չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ ուղղված իր երկար տարիների գործունեության արդյունքում Ախթալայում և հարակից համայնքներում ավիրված հողերի վերականգնման համար: Չկա նաև գործող պոչամբարի փակման ծրագիր, որը արդեն լցված է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---