Նախագահ. Ակնկալում ենք չինական ընկերությունների մասնակցությունը ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման գործում

Նախագահ. Ակնկալում ենք չինական ընկերությունների մասնակցությունը ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման գործում

PanARMENIAN.Net - Պետական այցով ՉԺՀ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 27-ին, հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Պեկինի համալսարանում: Հանրապետության նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Պեկինի համալսարանում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ՀՀ նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Սերժ Սարգսյանը իր ելույթում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները, անդրադարձել հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: ՀՀ նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրում:

Նախագահի խոսքով՝ այդ կարևորագույն փաստաթղթով երկու երկրները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները և ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:

«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի և թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ ՀՀ-ն կարևորում է Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:

ՀՀ նախագահի խոսքով, Չինաստանն ուրիշ ժողովուրդների հետ հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

«Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության և ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը»,-ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին. «Հայաստանը ողջունել է Չինաստանի նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձևավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռևս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առևտրականների նավերը հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ, մասնավորապես Հոնգկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը:

Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում»:

Սերժ սարգսյանը պարզաբանել է, որ այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միևնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:

Նախագահը ելույթում անդրադարձել է նաև փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:

Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինից մեկնել է Սանյա` մասնակցելու Բոաոյի տարեկան համաժողովին, որտեղ ևս ելույթ կունենա:

Պետական այցով Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյան Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---