Նաիրիտցիները կրկին նախագահականի առջև էին. Կառավարության դեմ նամակը շտկումների փուլում է

Նաիրիտցիները կրկին նախագահականի առջև էին. Կառավարության դեմ նամակը շտկումների փուլում է

PanARMENIAN.Net - Նաիրիտցիներն այսօր՝ մարտի 28-ին, կրկին հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։ Գործարանի աշխատողները նաև ակնկալում են, որ մինչև պարտքի ամբողջական մարումը կսառեցվեն իրենց կողմից վերցված վարկերը, կհետաձգեն կոմունալ և ուսման վարձերի վճարման ժամկետները, պետպատվերի շրջանակներում կապահովվեն հրատապ վիրահատությունները։ Պահանջների թվում է նաև գործարանում աշխատած, ներկայումս թոշակառու անձանց կենսաթոշակի վերահաշվարկը։

Աշխատակիցների խնդիրները, որոնք նամակով ներկայացվել են նաև Ազգային ժողովին, «Նաիրիտի» հարցերով զբաղվող խորհրդարանական ենթահանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նշել է, որ հանդիպման ընթացքում ակնկալում են նաև նախարարների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Մենք խնդրեն ենք, որ այդ հանդիպման ընթացքում մասնակցեն նաև կառավարության, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ, որպեսզի հարցը համապարփակ քննարկվի, և ամեն անգամ մենք խնդիր չունենանք, վազենք Սոցապ նախարարի մոտ, ասենք՝ թոշակների հարցը լուծեք, վազենք առողջապահության նախարարի մոտ, ասենք՝ մարդիկ վիրահատության խնդիրներ ունեն, բայց իրենցից գումար են ուզում։ Տվեք մեր փողերը, մենք գնանք մեր վիրահատության խնդիրները լուծենք»,- ասել է Հարությունյանը։

Օրերս հրապարակած նամակը, որով նաիրիտցիները ցանկանում էին հաղորդում ներկայացնել կատարված պետական հանցագործության մասին, որոշ շտկումներից հետո միայն կհանձնվի դատախազությանը։ Նաիրիտցիները սպասում են Միջպետական բանկի հետ բանակցությունների ավարտին։ Խոստացած ժամկետները կառավարությունը վաղուց արդեն սպառել է, ասում են գործարանի աշխատողները։

Մարտի 24-ի ցույցի ժամանակ նաիրիտցիները հայտնել էին, որ նամակ են պատրաստել ուղղված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Նամակը 2006-ից մինչև օրս շարունակվող յուրացումների մասին է:

«Մեզ վստահեցրել էին, որ մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները իրենց ավարտին կհասնեն, և բաժնեմասը «Նաիրիտի» ակցիաների տեսքով կվերադարձվի կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչը արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում պարտքի վճարման համար։ Իրենք են ասել՝ 65-75 օրվա ընթացքում խնդիրը լուծվելու է։ Արդեն անցել է 90 օր»,- ասել է Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիները նախագահի նստավայրի մոտ մի քանի ժամ կանգնելուց հետո երթով շարժվել են դեպի Կառավարության շենք։

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---