Ռուս պատգամավոր. ԵՏՄ-ն դեռ 3-ամսական երեխա է, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու

Ռուս պատգամավոր. ԵՏՄ-ն դեռ 3-ամսական երեխա է, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին վստահ է, որ ԵՏՄ կայացման համար տասնամյակներ չեն պահանջվի, սակայն որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի հնարավոր լինի օգուտ քաղել այդ միությունից:

Մարտի 28-ին Երևանում գումարվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեների համատեղ նիստը:

Արձագանքելով ԵՏՄ-ի ընդդիմախոսներին, ովքեր կարծում են, որ միությունը ոչ կայացել է, ոչ էլ ապագա ունի, Սլուցկին Հայաստանի ազգային ժողովում հայտարարեց՝ ԵՏՄ-ի կայացումը րոպեական գործ չէ։ «Միությունը ճանապարհ պետք է անցնի, դա չնայած տասնամյակներ չի պահանջի, բայց ամիսներ, տարիներ կպահանջի, որ մեզ թույլ տա իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հազարավոր աշխատատեղեր կբացեն»,- ասաց նա։

«ԵՏՄ-ն նոր է գործարկվում, այն երեք ամսական երեխա է, ի՞նչ ապրանքաշրջանառություն»,- ասել է ռուս պատգամավորը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա հավելել է, որ միության երկրների միջև ապրանքաշրջանառության լայն ծավալների մասին առայժմ խոսելը վաղ է։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը իրենց երրորդ համատեղ նիստից հետո հայտարարությամբ վերահաստատեցին Եվրասիական տնտեսական միությունում տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Նիստին հետևած մամուլի ասուլիսում հանձնաժողովների նախագահներն ևս մեկ անգամ շեշտեցին, որ Եվրասիական տնտեսական միությունն արդեն իրողություն է, և որ այն գնում է դեպի զարգացում։

Լեոնիդ Սլուցկին ասուլիսում օրինակ բերեց Բելառուսի հետ զարգացող հարաբերությունները, նշեց, որ չնայած Հայաստանի հետ միությունը ընդհանուր սահման չունի, փոխարենը կա մեծ ցանկության՝ միասին անցնելու համագործակցության այդ ճանապարհը։ «Իրավիճակը կբարելավվի այս տարի, գուցե հետո։ Սա հստակ հաշվարկված ծրագիր է։ Ունի տնտեսական հիմք»,- ասաց ռուս պատգամավորը։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, ռուսական կողմի հետ այս հարցերում համագործակցող հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, շարունակելով գործընկերոջ միտքը, հավելեց՝ ԵՏՄ-ում գործելու Հայաստանի մոտիվացիան չի փոխվել։

«Այդ տնտեսական հիմնավորումները առաջիկայում դառնալու են ավելի շոշափելի»,- ասաց Զաքարյանը։ Զաքարյանը հույս հայտնեց, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում ստեղծված դժվարությունները արագ կհաղթահարվեն, ինչն էլ նոր ազդակ կլինի հետագա համագործակցության համար։ Հայկական կողմը կրկին վերահաստատեց՝ ԵՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե պահի ազդեցության տակ է ընդունվել, այլ հիմնավոր է և այլ երկրների ու կառույցների հետ համագործակցության հաշվին չի իրականացվում։

Ռուսական կողմի ներկայացուցիչ Սլուցկին, կարևորելով Հայաստանի դերը ԵՏՄ-ի կազմում, ասաց, որ Հայաստանի հավասար իրավունքներ ունի միությունում։ Անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում վերջերս Աստանայում կայացած ԵՏՄ երկրների նախագահների հանդիպմանը՝ Սլուցկին ուշագրավ պատասխան տվեց. չէին պատրաստվում «կռուտոյներով» հավաքվել ու մոռանալ Հայաստանին, ասաց։

Հանդիպումը նախատեսված էր երեք երկրների համար՝ Ուկրաինայի հարցերը քննարկելու նպատակով, նշեց ռուս պատգամավորը, ապա հավելեց, թե նման հանդիպման նախաձեռնություն վաղուց է եղել` դեռ Մաքսային միության ժամանակներից, որի անդամ Հայաստանը չի էլ եղել: Ի սկզբանե օրակարգում այլ հարցեր են եղել, սակայն Ղազախստանի նախագահի առաջարկով վերջին պահին լրացումներ են եղել և քննարկվել է նաև ընդհանուր արժութային միության հարցը։

Այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դադարեցնի զինել Ադրբեջանին, ինչի մասին մտահոգություն էր հայտնել նաև Սերժ Սարգսյանը, ռուս պատգամավորը պատասխանեց, ասելով թե խնդիրն այստեղ այլ է՝ ժամանակն է լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սլուցկին ասաց, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ Հայաստանին մատակարարում է այլ պայմաններով։ Շեշտեց նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զենքի մատակարարման բալանսը պահպանվում է։

«Ինչ վերաբերում է ընդդիմության սպեկուլյատիվ տարբեր ճիչերին, ցավոք, մենք էլ ենք դրանց հանդիպում։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը մեր գործընկերն են, և մենք չպետք է դադարեցնենք համագործակցությունը՝ դրանով հրահրելով կտրուկ դիմադրություն երկրների միջև և իրավիճակի շիկացում տարածաշրջանում։ Բանակցություններում դեռ որակական առաջընթաց չկա»,- հավելեց ռուս պաշտոնյան։

Հայկական կողմի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ պնդեց, թե չնայած նախագահի արտահայտած մտահոգությանը, տարբերությունն այստեղ այն է, որ Հայաստանի համար զենքը պաշտպանական նշանակություն ունի, Ադրբեջանի համար՝ հարձակողական։

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---