Բեռնար Շալանդը հրաժարական է տվել

Բեռնար Շալանդը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձել է Երևան, ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է:

Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել. «Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է», - նշել է մարզիչը:

Նա նկատել է, որ բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դեմ խաղում. «Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10 միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ»:

Մարզիչը նշեկ է, որ չկարողանալով ազգային հավաքականի հետ հասնել ցանկալի արդյունքի, այնուամենայնիվ իրականացրեցին շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝ ձևավորելով Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Միգուցե, հենց այդ տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագա հավաքականի կորիզը:

«Բայց ես հասկանում եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղն էր և լավ արդյունքը: Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որևէ մեկից: Բնականաբար, ես տխուր եմ այս հրաշալի երկիրը լքելու կապակցությամբ, որովհետև այստեղ աշխատելն, իրոք, շատ հաճելի էր ինձ համար», - ասել է Բեռնար Շալանդը:

Նա ավելացրել է՝ տեսնում է այն ներուժը, որ ունի Հայաստանի ազգային հավաքականը և հուսով է, որ մի կխաղա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում:

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում մարտի 29-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվել է Ալբանիայի ազգային թիմին: Հանդիպման 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո ալբանացիներն ինքնագոլ բաց թողեցին: 70-րդ րոպեին դաշտից հեռացվեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ 77-րդ և 81-րդ րոպեներին մեր թիմը երկու գոլ ընդունեց և պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականը մեկ միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը՝ արդեն 6 միավորով հետ մնալով երկու առաջատարներից՝ Դանիայից ու Ալբանիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---