Ադամ Շիֆ. Հայերին վերացնելու թուրքերի ջանքերը տապալվել են՝ նրանք շարունակում են հպարտ ապրել

Ադամ Շիֆ. Հայերին վերացնելու թուրքերի ջանքերը տապալվել են՝ նրանք շարունակում են հպարտ ապրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալուն հոդված է հրապարակել: Կոնգրեսականն իր հոդվածը սկսել է որոշ պատմական փաստերի շարադրմամբ. «Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ականատես լինելով Ցեղասպանությանը, վստահաբար ասել է, որ «մարդկության ողջ պատմության ընթացքում սրա պես դաժան պահ չի եղել: Անցյալի բոլոր սպանդերն ու հետապնդումներն աննշանակալի են թվում` 1915թ. հայերի կրած տառապանքների համեմատ»:

Այնուհանդերձ, Շիֆը նկատել է, որ «հայ ժողովրդին վերացնելու թուրքերի բոլոր ջանքերը տապալվել են, քանի որ հայ ազգը շարունակում է հպարտ ապրել», asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Միևնույն ժամանակ, կոնգրեսականը վերհիշել է օրհասական այդ պահին միլիոնավոր հայերի օգնած անձանց ու կազմակերպութունների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեին (Near East Relief Foundation), որի մարդասիրական գործունեության շնորհիվ Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ նաև 130.000 որբի կյանքը փրկվել է: Ըստ հոդվածագրի՝ կոմիտեն 100.000.000 դոլար է հավաքել մարդասիրական ճգնաժամի թիրախում հայտնված հայերին օգնելու համար:

«Անցյալ ամիս ես և իմ մոտ 40 գործընկեր ներկայացրել ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ, որը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ՝ այն կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունների միջև այնպիսի հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ընդունման վրա»,- շարունակել է Շիֆը:

Իր անդրադարձում կոնգրեսականը խոսել է նաև ներկայում Սիրիայում բնակվող հարյուր հազարավոր հայերի մասին, ովքեր 100 տարի անց կրկին կանգնած են վերացման վտանգի տակ:

Շիֆի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի ու Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեպքում Միացյալ Նահանգների կառավարությունը ցույց կտա, որ չի պատրաստվում լռել մարդկության դեմ գործած հանցանքների հարցում. «Ծագումով հրեա ֆրանսիացի գրող, լրագրող, հասարակական գործիչ Էլի Վիզելը մի առիթով գրել է, որ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վատագույն մասն է: Համակարծիք լինելով այս գաղափարին` ասում եմ, որ Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց դեռևս շարունակում է խոցել իր զոհերին: Ամերիկան պետք է օգնի նրանց, ում վերքը դեռ չի սպիացել»:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում ներկայացրել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին» բանաձևը, որը ստացել է Ներկայացուցիչների պալատի 40-ից ավելի անդամների աջակցությունը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---