Քանի՞ մարդ լինի օդաչուների խցիկում. Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը

Քանի՞ մարդ լինի օդաչուների խցիկում. Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ալպերում A320-ի կործանումից հետո այս օրերին մի քանի երկրներ քննարկում ու հայտարարում են ինքնաթիռի խցիկում երկրորդ անձի ներկայության պարտադիր լինելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման մասին: Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը, քանի որ այս պահին միջազգային թռիչքներ իրականացնող հայաստանյան ավիաընկերություն չկա, ասել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

«Ցանկացած դեպքում ԻԿԱՕ-ի որոշում պետք է լինի: Կան դեպքեր, երբ ավիաընկերությունը կամ երկիրն է որոշում, թե քանի օդաչու պետք է լինի խցիկում: Նման որոշումներն այդքան հեշտ չեն ընդունվում, երկար ժամանակ է պահանջվում»,-ասել է ՔԱԳՎ մամուլի քարտուղարը, գրում է Panorama.am-ը:

Մեքսիկայի տրանսպորտի նախարարությունն արդեն արգելել է օդաչուներին միայնակ մնալ խցիկում: Նոր կանոններով, եթե օդաչուն ստիպված է դուրս գալ խցիկից, ապա պետք այնտեղ լինի բորդ ուղեկցորդը, ով նախապես հատուկ նախապատրաստում է անցել: «Սա թույլ կտա ամրապնդել անվտանգությունը, երկրորդ անձը կկարողանա օգնել օդաչուին ու պետք եղած դեպքում բացել խցիկի դուռը»,-մանրամասնել է Մեխիկոյի Քաղավիացիայի ներկայացուցիչը:

Մեքսիկայում նոր կանոններն ուժի մեջ են մտել անմիջապես, ընդ որում դրանք վերաբերում են ոչ միայն տեղական, այլև միջազգային թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին:

Ավելի վաղ օդաչուի խցիկում երկրորդ անձի ներկայության պարտադիր լինելու մասին որոշումներ արդեն ընդունվել են մի շարք ավիաընկերությունների ու երկրների ղեկավարությունների կողմից: Որոշ մասնագետների համոզմամբ, նման քննարկումներն ու որոշումները PR քայլեր են, որոնց նպատակն է կանխել տոմսերի վաճառքի ծավալների անկումը: Մասնագետները հիշեցնում են, որ այսօր նույն Եվրոպայում անձնակազմի ու ծախսերի լուրջ կրճատումներ են իրականացվում, նրանք գնում են ծախսերի կրճատման ճանապարհով, իսկ այս իրավիճակում մեկ օդաչու ավել պահելը լուրջ ծախսերի հետ է կապված:

Lufthansa ընկերության Germanwings դուստր ձեռնարկությանը պատկանող Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում: Աղետի հետևանքով 150 մարդ է զոհվել, որից վեցը՝ անձնակազմի անդամներ: Օդանավում հիմնականում եղել են Գերմանիայի ու Իսպանիայի քաղաքացիներ: Քննության վարկածով, որը հիմնված է սև արկղերից մեկի ձայնագրության վրա, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը անձնակազմի ղեկավարի դուրս գալուց հետո փակել է խցիկի դուռը, ապա միտումնավոր վայրէջք է կատարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լյուբիցն առողջական խնդիրներ ուներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---